Հասարակական-քաղաքական եւ վերլուծաբանական շրջանակների ներկայացուցիչները, ինչպես նաեւ 4 քաղաքական կուսակցություններ առաջարկել են եռամսյա ժամկետում կազմակերպել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվե։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 21-ին «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտի ներկայացման հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին» խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը պետք է վերջապես ասի, թե որ քաղաքակրթական ուղիով է տեսնում իր երկրի զարգացումը։
«Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական եւ համապետական ընտրություններ, որոնք իրենց բովանդակությամբ նույնպես հանրաքվե են։ Մոլդովայում տեղի կունենա հանրաքվե ԵՄ-ին անդամակցության հարցով»,- ասել է Սարգսյանը՝ առաջարկելով Հայաստանում նախաձեռնել հանրաքվեն Վրաստանի եւ Մոլդովայի ընտրություններից առաջ։
Նա, մասնավորապես, առաջարկել է ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 21-ին։
«1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անկախության հանրաքվե տեղի ունեցավ»,- ասել է քաղաքական գործիչը։
Կուսակցության ղեկավարը ընդգծել է. հարցն այստեղ սիմվոլիզմի մեջ է։ Դա կնշանակի, որ Հայաստանը նորից փորձում է դառնալ դեմոկրատիայի «կղզյակ» Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ առաջադեմ երկիր դեմոկրատիայի ոլորտում։
«Հայտ ներկայացնելու դեպքում Հայաստանը, միանշանակ, ավելի անվտանգ եւ ապահովված երկիր կլինի։ Մասնավորապես, արտաքին քաղաքական ճնշման բացառման մասով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից»,- կարծում է Սարգսյանը։





























