Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գաղափարը երկրի քաղաքացիների շրջանում ավելի մեծ տարածում է ստանում։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 21-ին «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտի ներկայացման հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին» խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
Նրա կարծիքով՝ այսօր անհրաժեշտ է քննարկել ոչ թե հարցը, թե պետք է, թե ոչ մտնել ԵՄ, քանի որ դա ավելի ակնհայտ է, այլ այն, թե ինչ կտա Հայաստանին անդամակցությունը եվրոպական ընտանիքին, եւ ինչ ճանապարհներով կարելի է հասնել դրան։
«Սրընթաց փոփոխություններ տեղի ունեցան ոչ միայն աշխարհում, այլեւ մեր գիտակցությունում։ Ուստի մենք պետք է փոխենք հանրային դիսկուրսը»,- ասել է Խուրշուդյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին պատասխանատվություն է, որը պետք է ընդունեն երկրի քաղաքացիները։
«Չէ՞ որ հակառակ ճանապարհ այլեւս չենք ունենա։ Եթե երկրի քաղաքացիները հանրաքվեում «այո» ասեն ԵՄ-ին անդամակցությանը, քաղաքական մեկ ուժի մեղադրանքների անհրաժեշտությունը մյուսի դեմ ինքնին կվերանա»,- ընդգծել է ՀԿ ղեկավարը։





























