Չզեկուցվող հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Իրարից տարբեր շուրջ 3 տասնյակ հարցերը առանց քննարկման մեկ հարցի տակ անցկացնելը մենք համարում ենք անարգանք ավագանու ինստիտուտի եւ երեւանցիների նկատմամբ, որոնք գործող իշխանության թեթեւ ձեռքով այլեւս հնարավորություն չունեն նախապես ծանոթանալու ավագանու քննարկվող որոշումներին եւ լսելու դրանց շուրջ ավագանու անդամների դիրքորոշումները: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը:
«Իշխող կոալիցիայի այս գործելաոճը հակաժողովրդավարական է եւ ոչ թափանցիկ: Այս մասին է վկայում նաեւ Freedom House»-ի Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշի նվազումը 2023-ին, որտեղ զեկույցում, ի դեպ, շուրջ 8 անգամ նշվում է Տիգրան Ավինյանի անունը մեծամասամբ բացասական լույսի ներքո՝ շահերի բախում, պաշտոնեական դիրքի չարաշահում եւ այլն»,-ասաց նա:
Երիցյանը նկատեց, որ մինչեւ այժմ պարզ չէ, թե ինչ սկզբունքով կամ ում ճաշակի թելադրանքով են այս կամ այն հարցերը դառնում զեկուցվող կամ չզեկուցվող:
Նա առաջարկեց չզեկուցվող երեք հարցեր դարձնել զեկուցվող, սակայն իշխող կոալիցիան ներկայացնող ուժերը դեմ քվեարկեցին:





























