Մենք շատ ցայտուն օրինակ ունեցանք, երբ ՆԳ նախարարն ԱԺ-ում ընդդիմադիր պատգմավորի հարցին, որի քիթը ջարդվել էր ցույցերի ժամանակ, ասաց. «Եթե դուք կարողանաք պարզել, թե ով է յդ ոստիկանության ծառայողը, ես երաշխավորում եմ, որ նա անպայման կպատժվի»: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, «Մեդիա-կենտրոն»-ում «Խոշտանգումների զոհերի միջազգային օր. ոստիկանական բռնություններն ու անպատժելիությունը» թեմայով ասուլիսում հայտնեց փաստաբան Կարեն Ալավերդյանը։
«Դե կներեք, տուժողը երեւի չի իմացել, որ հանցագործությունների կանխարգելումը, բացահայտումը ոչ թե իրավապահ մարմինների գործառույթն է, այլ ինքը պետք է զբաղվի այդ հարցերով»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ոստիկանական բաժանմունքներում տեսախցիկներ կան տեղադրված, որոնք կարող են ֆիքսել խոշտանգման դեպքերը, փաստաբանը նախ նկատեց, որ ոչ բոլոր վայրերում են դրանք տեղադրված, ապա հավելեց, որ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դրանք կարող են խափանումներ ունենալ:
«Հայաստանում ոստիկանական համակարգը չունի աշխատանքի այնպիսի ահռելի ծավալներ, որ համապատասխան կամքի դեպքում դժվար լինի կանխարգելել ինչ-որ իրավիճակներ, ապահովել այդպիսի դեպքերի պատշաճ քննությունը, ինչպես նաեւ արդարադատության իրականացումը նմանատիպ դեպքերով: Այստեղ ես տեսնում եմ քաղաքական կամքի բացակայություն, եթե չասենք, որ ոստիկանական ողջ համակարգին տրված է անսահմանափակ անպատժելիության երաշխիքներ եւ ամենաթողություն: Դրան գումարվում է այդ համակարգի բավականին թույլ ղեկավարումը»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով, վերջին հավաքների ժամանակ արձանագրված դեպքերը դիտարկելիս, կարելի է տեսնել, որ միջին հրամանատարական կազմը առավել ակտիվ դերակատարում ունի առերեւույթ հակիրավական արարքներում. «Խոսքը վերաբերում է ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության դեպքերին: Ոստիկանությունն իրավունք ունի կիրառելու ֆիզիկական ուժ նախատեսված հստակ դեպքերում եւ հստակ կերպով՝ որոշակի նպատակների հասնելու համար: Նրանք ոչ թե իրավունք ունեն մարդկանց ծեծելու, ծեծուջարդի ենթարկելու, այլ ընդամենը իրավունք ունեն կիրառելու ֆիզիկական ուժ, տարբեր տիպի ֆիզիկական հնարքներ կոնկրետ այդ պահին առերեւույթ իրավախախտումը կանխելու եւ անձին համապատասխան տարածք տեղափոխելու համար, բայց մենք տեսնում ենք,. որ դա վերածվում է փոխադարձ ձեռնամարտի, մարդկանց մազերը քաշելու, միտումնավոր այնպիսի գործողություններ անելու, որ ցավ պատճառվի»,- ընդգծեց Ալավերդյանը:





























