Հունիսի 12-ը չի կարող հենց այնպես անցնել, մենք բոլոր ուղղություններով աշխատանքներ ենք տանում, հատկապես մեր իրավաբաների հետ: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Ես ուղղակիորեն հորդորում եմ, նաեւ որոշակի հանձնարարություն եմ տվել մեր քաղաքական ուժերին, որ որոշակի ուղղություններով իրենք զբաղվեն եւ ուրախ եմ, որ հանձն են առել: Հորդորում եմ նաեւ քաղաքական միավորված կազմակերպություններին ոստիկանական բռնությունների ուղղությամբ աշխատանք ծավալեք, դրանք կլինեն զեկույցների կամ այլ ձեւերով»,-ասել է նա: Բագրատ Սրբազանը նաեւ ասել է, որ շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչով մենք սկսել են։
«Վերստին ուզում եմ կրկնել՝ մեր շարժման հիմքը, էությունը, բովանդակությունը բարձր իմաստով հոգևոր է։ Եթե նկարագրելու լինենք տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են: Մենք գիտենք, որ ստի հայրը սատանան է, ուրեմն, լայն իմաստով, մեր շարժումը չարիքի դեմ է, չարիքի մարմնավորման դեմ է, այն չարիքի, որը վիշապի պես նստած է զուլալ աղբյուրի ակունքին ու ոչ միայն խմում է այդ ջրերը՝ փչացնելով, սպառելով ու ոչնչացնելով, այլև միևնույն ժամանակ ծարվի է մատնում ողջ ժողովրդին։ Այդ չարիքը լինելու է մեր թիրախը, մեր հիմնական թիրախը, այն վերացնելն է լինելու մեր թիրախը, ազատագրությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական լուծումներին, ապա դրա պահանջը, Սրբազանի խոսքով, իրենք հայտարարել են. «Լուծումները տարաբնույթ են, բայց մեկն է թիրախը՝ ազատագրում չարիքից։ Եվ դա քաղաքական է, մեր պայքարն այդպես է լինելու»:


























