Երեւանում, այսօր` նոյեմբերի 24-ին, ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված` մարդու իրավունքների թեմայի շուրջ մրցույթի ժամանակ պարգեւատրվել են հաղթող ճանաչված վեց դպրոցականներ Երեւանից:

Մոտ 50 աշակերտ Երեւանի ութ դպրոցից մասնակցել է ինտերակտիվ խաղին, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ «Ինտելեկտուալ խաղերի երեւանյան ակումբ» ՀԿ–ի կողմից` բարձրացնելու իրազեկությունը մարդու իրավունքների մասին` հիմնվելով պետական կրթական ծրագրի վրա:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը խրախուսել է երիտասարդներին ընդլայնել իրենց գիտելիքները մարդու իրավունքների մասին. «Կարեւոր է, որ մարդու իրավունքների մասին ուսուցումն արդեն ընդգրկված է Հայաստանի դպրոցների ուսումնական ծրագրում: Մարդու իրավունքների կրթությունը մասնավորապես անդրադառնում է սոցիալական այն նպատակներին եւ գաղափարներին, որոնք կարեւորում են բոլոր մարդկանց արժանապատվությունը եւ ուղղակիորեն նպաստում ազատության, խաղաղության եւ արդարության վրա հիմնված հասարակության կայացմանը»,-դիմելով աշակերտներին` նա հավելել է. «Հուսով ենք, որ այսօրվա նախաձեռնությունը կոգեշնչի ձեզ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու մարդու իրավունքների մասին` խթանելու ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»:

Բոլոր մասնակիցներն ստացել են վկայականներ, իսկ հաղթող թիմը պարգեւատրվել է էլեկտրոնային գրքերով եւ գավաթներով:

«Ինտելեկտուալ խաղերի երեւանյան ակումբ» ՀԿ նախագահ Եվա Մախմուրյանը հավելել է. «Սա գերազանց հնարավորություն էր խրախուսելու ինտերակտիվ ուսուցում կարեւոր թեմայի շուրջ»:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ողջունել են նախաձեռնությունը: Նախքան միջոցառումը` դպրոցականներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ Սահմանադրական դատարան` ընդլայնելու իրենց գիտելիքները մարդու իրավունքների հաստատությունների եւ շրջանակների մասին: