Իհարկե, այնպես չէ, որ Հայաստանում մենք հասել ենք ժողովրդավարության կատարելության կամ գոհ ենք ժողովրդավարության այն որակից, որն ունենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումի» ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մասնավորապես, ՏԻՄ մակարդակներում ընտրությունները բավարար չափով, իմ կարծիքով, քաղաքականացված, քաղաքացիականացված և համայնքացված չեն: Այսինքն՝ ընտրությունների այն ընկալումը, որ համապետական մակարդակում ունենք, ՏԻՄ մակարդակում այնքան էլ արձանագրված չէ:
Ըստ էության, իրավապահների կողմից ուժի կիրառման ստանդարտը սահմանված չէ Հայաստանի Հանրապետությունում, որն ակնհայտորեն մեկ այլ մարտահրավեր է: Ի՞նչ անել, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի մասին մեզանում առկա պատկերացումներն ընդլայնվեն: Եվ սա վերաբերում է բոլորի իրավունքին, որովհետև որքան նեղ է այդ ընկալման շրջանակը, նկատի ունեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության, այնքան այդ համակարգն ամբողջական չէ, նույնիսկ նրանց համար, ովքեր այդ շրջանակից ներս են:
Այսինքն՝ այդ շրջանակը թվում է, թե ներառել է, բայց այդ շրջանակն ինչքան նեղ է, մարդու իրավունքների պաշտպանության որակը ցածր է՝ ներառյալ այն մարդկանց համար, ում իրավունքների հետ կապված թվում է, թե որևէ հարց չկա: Ի՞նչ անել, որ համակարգային կոռուպցիայի բացակայության պայմաններում կոռուպցիան ինքն այլընտրանքային համակարգեր չձևավորի:
Ի՞նչ անել, որ դատական իշխանությունը կամ դատական իշխանության անկախությունը լինի ոչ միայն կարգախոս, ոչ միայն ծրագիր, այլև լայնորեն ընկալված իրականություն հանրության կողմից, որպեսզի հանրությունը դա ընկալի ոչ թե մի վերնագիր, այլ մի իրողություն, որի հետ ինքն ամեն օր առնչվում է: Սրանք հարցեր են, որոնք գտնվում են ոչ միայն կառավարության, այլև հասարակական կազմակերպությունների և մեծ հաշվով՝ հանրության օրակարգում»,- ասել է վարչապետը:





























