Մենք ունեցել ենք այն երևույթը, որ և՛ դատաիրավական համակարգում, և՛ պետական կառավարման համակարգում էլիտարիզմի տրամաբանություն է գործում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Գլխավոր դատախազությունում ՀՀ դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ է էլիտարիզմն այս տրամաբանությամբ, որ կառավարությունում, դատախազությունում, դատարաններում աշխատում են մարդիկ, ովքեր գտնվում են կյանքի բոլորովին ուրիշ հարթության վրա: Ես, ընդ որում, նաև գուցե սոցիալական, բայց նաև սոցիալ-հոգեբանական մասը նկատի ունեմ, այդտեղ ուրիշ մարդիկ են, որոնք կապ չունեն այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր ապրում են Իրական Հայաստանում, իրական կյանքում, և այս ճեղքն է, որ բերում է արդարության բացակայության կամ արդարության դեֆիցիտի զգացողության:
Եվ ես ուրախ եմ, որ մեր, այդ թվում՝ կառավարության, դատախազության հենց ներսում տեղի ունեցող պրոցեսների արդյունքում այս էլիտարիզմի տրամաբանությունը նվազում է: Եվ տեսնում ենք, որ այսօր դատախազությունը, քննչական մարմինները, դատարանները, գուցե մի քիչ ավելի դանդաղ, բայց մոտեցնում են իրենց ժողովրդին, և օրգանական կապ է ձևավորվում ժողովրդի և դատախազական համակարգի միջև»:
Անդրադառնալով ժողովրդի հետ օրգանական կապով կապված լինելու հանգամանքի անհրաժեշտությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարցը, որի մասին ես երկար մտածել եմ, այն է՝ մենք անընդհատ փորձում ենք այս ոլորտներում բարեփոխումներ, փոփոխություններ իրականացնել, ինչո՞ւ են մարդիկ շարունակում մտածել, որ այս երկրում արդարություն չկա, այս երկրում արդարադատություն չկա: Մի պարզ պատճառով՝ արդարադատություն իրականացնող համակարգերն օրգանական կապով կապված չեն ժողովրդի հետ:
Խոսքն ինստիտուցիոնալ արդարադատության ստանդարտի մասին է: Շատ դեպքերում, օրինակ՝ կարդում ես իրավական և իրավաբանական տեքստեր, հասկանում ես՝ սկզբունքորեն գրված է հայերեն, բայց իրականությունը չի արտահայտում, սկզբունքորեն գրված է ճիշտ, բայց իրականությունը չի արտահայտում, սկզբունքորեն որևէ բան չես կարող հերքել, բայց այն չի արտահայտում արդարադատությունը, արդարությունը և արդարության այն ձգտումն ու երազանքը, որն ունի ՀՀ ժողովուրդը»:




























