ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը հունիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակցել է ԱՊՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ նիստին: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստը նախագահել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մասկալկովան: Մասնակցել են հանձնաժողովի անդամներ Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից, հանձնաժողովի քարտուղարության և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հարցերով տարածաշրջանային հանձնակատարները։ Հանձնաժողովի անդամները քննարկել են նիստի օրակարգում ընդգրկված 10-ից ավելի հարցեր։
Նշվում է նաև, որ ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից առանձնացվել է օտարերկրյա քաղաքացիների իրավունքների հարգման ապահովումը: Նիստի շրջանակներում մասնակիցներին առաջարկվել է իրականացնել Միգրացիոն օրենսդրության վերլուծություն և ներկայացնել դրա կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Նիստի մասնակիցները կիսվել են միգրանտների իրավունքների իրավական կարգավորման ոլորտում իրենց երկրների դրական փորձով:
Նիստում որոշում է ընդունվել աշխատանքային չորս խումբ ստեղծելու մասին, հաստատվել է դրանց աշխատանքի միասնական կարգը։
Հանձնաժողովի անդամները քննարկել են ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության տարեկան զեկույցի պատրաստմանն ու ԱՊՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի 2024-2025 թվականների աշխատանքային պլանի կատարմանն առնչվող հարցեր:
ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մոսկվայում։




























