Նիկոլ Փաշինյանը կարող է հեշտությամբ ազատվել Արմեն Գրիգորյանից, ասի՝ նա վրիպեց, սխալվեց, հիմա նորին եմ նշանակում, որպեսզի Ռուսաստանի հետ նորից կարողանա շփվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի այն հայտարարությանը, թե ռուսները Արցախը վերցրել են, տվել ադրբեջանցիներին:

«Դա լրիվ հիմարություն է, Արցախը Ռուսաստանի գրպանում չէր, որ հաներ տար: Արցախը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ միայն ու միայն հայկական կողմի քաղաքականության շնորհիվ: Այն ինչ տեղի է ունենում ԱԺ-ում ու Կառավարությունում, ուղղակի ծիծաղելի է. ոնց որ փողոցային զրույց լինի, ոչ թե քաղաքական բանավեճ, որ մենք հասկանանք, մենք ի՞նչ վրիպումներ ունեինք, որ թույլ տվեցինք Ադրբեջանին անել այն, ինչ արեց, և Ռուսաստանին թույլ տվեց նման դիրք զբաղեցնել»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:

«Այն, որ իրենք արևմտամետ էին, պարզ էր մինչև 2018 թվականը, ուղղակի հանգամանքների ճնշման տակ չէին կարող միանգամից ընդունել այդ քաղաքականությունը: Հիմա տեսնում են, որ Ռուսաստանը դժվար վիճակում է հայտնվել, իրենց թվում է, թե իրենք կարող են իրենց թույլ տալ նման դիրք զբաղեցնել: Դերերն ինչ-որ ձևով բաշխված են՝ ով կարող է ավելի պրոարևմտյան ելույթներ ունենալ, ով՝ իսպանական միջնադարյան ինտրիգների քաղաքականություն վարել: Իրեն Շվեյցարիա են ուղարկում ուկրաինական հարցերով բանակցություններին, ինքը չի ստորագրում կոմյունիկեն: Ինչի՞ համար էր գնացել, եթե կոմյունիկեն չէր ստորագրելու: Այսինքն. պա՞րզ չէր ինչ է լինելու վերջնական փաստաթուղթը: Նա չի ստորագրում, իրեն չեն կարողանում գտնել, որ ելույթ ունենա: Դա խոսում է նրա մասին, որ չեն ուզում ռուսական կողմի բացահայտ ճնշման տակ հայտնվել, բայց ինչ-որ ճնշում կարող են հանդուրժել, դրա համար գնում են այդպիսի քայլերի»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը: