Հայաստանյան կուսակցությունների մեծ մասի արտաքին քաղաքական մոտեցումները նմանվում են իրար, ինչը նրանք բնութագրում են որպես հայաստանակենտրոն, սակայն դա կարիք ունի բացատրության: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, հավելելով. «Տպավորություն կա, որ նրանցից շատերը լուրի են սպասում Պուտինից կամ Ստրասբուրգից, քան`Հայաստանի շահերից»:
Նրա ներկայացմամբ, հայաստանյան քաղաքական ուժերի մոտեցումները ղարաբաղյան եւ հայ-թուրքական կարգավորման հարցերում քիչ են տարբերվում:
Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է է խաղաղությանը, ներքին խնդիրների լուծմանը, երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում փոխընկալելի կապերի ամրապնդմանը, սեփական անվտանգության խնդիրները ավելի ամրապնդված կազմակերպելուն:
«Բնականաբար ռեսուրսները բազմազան չեն: Ամենակարեւոր խնդիրը, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավարումն է, որից ածանցվում է անվտանգությունը, տարածաշրջանային զարգացումները»,- նշեց նա:
Իշխող կուսակցության պատգամավորի ներկայացմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կարեւոր է Հայաստանի համար ոչ միայն ապաշրջափակման, այլեւ եվրաինտեգրման համար: «Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք կառուցված չի եղել հակադրությունների վրա, Հայաստանի արտաքին քաղաքականությունը աշխարհում լավագույններից է»,- ասաց նա ու որպես օրինակ Զաքարյանը նշեց ռուս-վրացական պատերազմը:

























