Լոռիի մարզկենտրոն Վանաձորում նոյեմբերի 26-ին, տեղի կունենա առաջինը ոստիկանության բաց դռների օրերի շարքից, որոնց նպատակն է ամրապնդել ոստիկանության եւ բնակչության միջեւ փոխվստահությունը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից, ՀՀ ոստիկանության եւ «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպած բաց դռների օրերը նախատեսված են երիտասարդության համար` նրանց հնարավորություն ընձեռելու ավելի լավ ճանաչել ոստիկանական աշխատանքը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի պատասխանատու Լիլիան Շալառուն նշեց. «Ոստիկանության բաց դռների օրերը նպատակ ունեն ջերմացնելու հարաբերությունները ոստիկանության եւ Հայաստանի երիտասարդ քաղաքացիների միջեւ: Միջոցառումը մեր գրասենյակի` Հայաստանում ժողովրդավարական ոստիկանության զարգացմանը նպաստող շարունակական աշխատանքների մի մասն է եւ մարզերում իրականացվելիք նմանատիպ միջոցառումներից առաջինը»:
Օրվա ընթացքում բարձր դասարանի մոտ 30 աշակերտներ կայցելեն ոստիկանության Վանաձորի բաժին, որտեղ կծանոթանան ոստիկանության առօրյա աշխատանքին եւ ոստիկանության ծառայողների հետ կքննարկեն ոստիկանական աշխատանքի մարտահրավերները` բարձրացնելով համայնքի անվտանգության հետ կապված մտահոգություն առաջացնող խնդիրներ: Նրանք նաեւ հնարավորություն կունենան փորձելու ոստիկանական սարքավորումները, հատուկ միջոցները եւ նստել պարեկային մեքենաների մեջ:
Մի շարք փորձագետներ թեմատիկ զրույցներ կվարեն տարբեր խնդիրների շուրջ, այդ թվում` թմրամոլություն, թրաֆիքինգ, կոռուպցիա, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության մոդել: Միջոցառման բոլոր մասնակիցներին կբաժանվեն նաեւ նշված թեմաներով հատուկ մշակված տեղեկատվական բրոշյուրները, ինչպես նաեւ հուշանվերներ:
Բաց դռների օրերի կազմակերպման հարցում ոստիկանությանն աջակցությունը տրամադրվում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ուղղված ԵԱՀԿ բազմամյա ծրագրի շրջանակներում:




























