ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյմս Դեւիդ Վենսը հավաստիացնում է, որ ԱՄՆ-ը արտասահմանում ռազմական ուժ կկիրառի «միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ լինի», եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում։
«Մենք մեր երեխաներին կուղարկենք պատերազմ միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ լինի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով հանրապետականների ազգային համագումարում (Միլուոկի, Վիսքոնսինի նահանգ)։
«Նախագահ Թրամփը ԻՊ ոչնչացմամբ եւ շատ այլ գործողություններով ցուցադրել է. երբ մենք խփում ենք, ուժեղ ենք խփում»,- նշել է Վենսը։
Միլուոկիում հուլիսի 15-ին աշխատանքն է սկսել Հանրապետական կուսակցության համագումարը։ Առաջին օրը պատվիրակները Թրամփին առաջադրել են կուսակցությունից նախագահի թեկնածու, իսկ սենատոր Վենսին՝ փոխնախագահի թեկնածու։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ ներկայիս նախագահ, 81-ամյա Ջո Բայդենը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետով, արդեն ստացել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների բավականաչափ թվով աջակցությունը։ Դեմոկրատական կուսակցության համագումարը տեղի կունենա օգոստոսին։





























