Ամերիկացի զինվորականներն ավարտել են ժամանակավոր կառանատեղիի շահագործումը Գազայի հատված հումանիտար օգնություն հասցնելու համար՝ բազմաթիվ խնդիրների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բրեդ Կուպերին։

«Ծովային առաքելությունը կառանատեղիի օգտագործմամբ ավարտվել է»,- նրա խոսքերը մեջբերել է պարբերականը։ Կուպերը ավելացրել է, որ ԱՄՆ-ը անկլավ հումանիտար օգնության առաքման ջանքերը կկենտրոնացնի իսրայելական Աշդոդ նավահանգստում։

Պարբերականը նշել է, որ նախաձեռնության մեկնարկից հետո, որը Վաշինգտոնի վրա 230 մլն դոլար է նստել, այն բախվել է բազամաթիվ խնդիրների։ Ուժեղ ալիքները վնասել են կառույցը, ինչի պատճառով շահագործումը ժամանակ առ ժամանակ դադարեցվել է։ Հումանիտար օգնության խմբերը, որոնք պետք է զբաղվեին օգնության բաշխմամբ, հրաժարվում էին դա անել անձնակազմի անվտանգության հետ կապված։

Ինչպես նշել է թերթը, գործողության սկզբից՝ մայիսի 17-ից, Գազայի հատված կառանատեղիի օգնությամբ առաքվել է մոտ 20 մլն ֆունտ հումանիտար օգնություն (9 հազար տոննայից մի փոքր ավելի), ինչը կազմում է Գազայի բնակչությանն անհրաժեշտ օգնության փոքր մասը։