Գերմանիայի իշխանությունները հուլիսի 20-ից ժամանակավոր հսկողություն կսահմանեն Ֆրանսիայի հետ սահմանին՝ կապված Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հետ։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը հրամայել է սահմանային հսկողություն սահմանել Գերմանիայի ցամաքային սահմանին և Ֆրանսիայի հետ օդային հաղորդակցությունում, գրում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ ներկայացուցչին։
Միջոցառումները կգործեն հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը, այս մասին նախարարը տեղեկացրել է նաև ԵՄ-ին։ «Ֆրանսիայի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ մենք ձգտում ենք ապահովել անվտանգության ամենաբարձր մակարդակը»,- ասվում է բացատրական գրության մեջ։ Գերմանիայի գործողություններն ուղղված են ֆրանսիական կողմին աջակցելուն։
Նման հսկողությունն անհրաժեշտ է միջսահմանային պոտենցիալ իրավախախտների և սպառնալիքների վաղ հայտնաբերումն ապահովելու և սահմանային ոստիկանության կողմից համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար: Սակայն, ըստ ՆԳՆ-ի, դրանք պետք է իրականացվեն ոչ թե ողջ տարածքում, այլ «կախված իրավիճակից՝ հաշվի առնելով ռիսկերը և հնարավորության դեպքում՝ նպատակային»։ Ներքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ ազդեցությունը սահմանամերձ շրջանների, նրանց բնակիչների, միջսահմանային ուղևորների, տնտեսության և առևտրի վրա պետք է հնարավորինս նվազագույնի հասցնել:
Հուլիսի 19-ին կավարտվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետ կապված Գերմանիայի բոլոր ներքին սահմաններում ներդրված ժամանակավոր վերահսկողությունը։ Վերահսկողությունը կշարունակվի Ավստրիայի, Շվեյցարիայի, Չեխիայի և Լեհաստանի հետ ցամաքային սահմաններում։ Նպատակն է սահմանափակել անօրինական միգրացիան և պայքարել մաքսանենգության դեմ։ Շվեյցարիայի հետ սահմանին դրա ազդեցությունը կավարտվի դեկտեմբերի 15-ին, Չեխիայի, Լեհաստանի և Ավստրիայի հետ՝ նոյեմբերի 11-ին։





























