Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի կառավարությունն աշխատում է իր ժողովրդի համար և թքած ունի ամերիկացիների և եվրոպացիների կարծիքի վրա, թեև պատրաստ են հաշվի առնել այն։
«Մի բան հիշեք՝ այս տարի հանգիստ չի լինի, ոչ այն պատճառով, որ մենք այստեղ ինչ-որ բան ենք սկսում նախընտրական տարում։ Չնայած սա նույնպես կարևոր է։ Մենք, ինչպես ես միշտ եմ ասել, քննություն ենք հանձնում բելառուս ժողովրդին»,- ասել է Լուկաշենկոն խորհրդակցության ժամանակ, որում քննարկվել է երկրում փոթորկի հետևանքների հաղթահարման հարցը, նրա խոսքը մեջբերել է BelTA գործակալությունը։ - Ոչ ամերիկացիների, ոչ լեհերի, ոչ եվրոպացիների: Մենք թքած ունենք նրանց կարծիքի վրա, չնայած պատրաստ ենք հաշվի առնել նրանց կարծիքը։ Մենք աշխատում ենք մեր ժողովրդի համար»:
Ըստ նախագահի, իշխանությունն «այսօր քննություն է հանձնում, և ով էլ հետո նախագահ դառնա, ժողովուրդը պետք է տեսնի, որ ստեղծված իշխանական համակարգը արդյունավետ է գործում»։ «Մեծ հաշվով ես չեմ կարող պնդել, որ այնտեղ ինչ-որ մեկը խուսափում է աշխատանքից, ինչ-որ մեկը լավ չի աշխատում և այլն։ Այդ մեքենան աշխատում է։ Բայց կան ձախողումներ, կան թերություններ, որոշակի թերացումներ»,- ասել է նա: Ըստ նրա, այդ թերացումները բացահայտվեցին երկրով անցած փոթորիկի ժամանակ, երբ ոչ բոլորն էին պատրաստ հետևանքներին օպերատիվ արձագանքելու։ «Ես միշտ խնդրում եմ սա համեմատել ռազմական գործողությունների հետ, բայց, փառք Աստծո, առանց կրակոցների։ Սա լավ վարժանք է մեզ համար։ Ուստի, մենք համապատասխան բոլոր եզրակացությունները կանենք»,- ասել է նախագահը։
Փետրվարին Լուկաշենկոն հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել 2025 թվականի նախագահական ընտրություններին։ Սակայն, հետո պարզաբանել էր, որ դեռ վերջնկան որոշում չի կայացրել, նա չէր բացառել, որ կարող է հայտնվել մեկը, որին կարելի է վստահել այս պաշտոնը։





























