ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն անցկացրել է անցած շաբաթվա մահափորձից հետո իր առաջին նախընտրական հանրահավաքը՝ Միչիգանի հրապարակներից մեկում հավաքված հսկայական ամբոխին հայտարարելով, որ ինքը «գնդակ է ստացել հանուն ժողովրդավարության», հայտնում է CNN-ը։

«Ես չպետք է հիմա այստեղ լինեի, բայց ինչ-որ առանձնահատուկ բան տեղի ունեցավ», - ասել է Թրամփը Գրանդ Ռապիդսում կայացած հանրահավաքում:

Մոտ երկու ժամ խոսելով՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել Բաթլեր Մեմորիալ հիվանդանոցի անձնակազմին, ուր նրան տեղափոխել էին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից րոպեներ անց։

Թրամփը «հերոս» է անվանել հանրահավաքի ժամանակ սպանված Քորի Կոմպերատորեին, ինչպես նաև պատմել է հանրահավաքում վիրավորված Դեյվիդ Դոչի և Ջեյմս Կոպենհավերի մասին։ Ամբոխը բղավել է  «Քորի»։

«Միասին մենք կպայքարենք, կպայքարենք, կպայքարենք, այդպես չէ՞», - ասել է Թրամփը՝ կրկնելով այն խոսքը, որ ասել էր հանրահավաքի ժամանակ հրաձգությունից հետո ոտքի կանգնելիս։ «Եվ մենք կհաղթենք, կհաղթենք, կհաղթենք»:

Թրամփը հայտնել է, որ Գրանդ Ռապիդսում հանրահավաքի  գալուց առաջ զրուցել է միլիարդատեր Իլոն Մասկի հետ։

«Իլոնն օրերս աջակցել էր ինձ, կարդացի, ես  չգիտեի, նա նույնիսկ չի ասել ինձ այդ մասին, բայց ինձ ամսական 45 միլիոն դոլար է տալիս,- ասել է Թրամփը:- Վերջերս խոսեցի նրա հետ, որպեսզի ասեմ, որ գալիս եմ այստեղ, գործերն ինչպես են, և նա նույնիսկ չնշեց դրա մասին»:

Թրամփը նաև գովել է անցած շաբաթ Միլուոկիում անցկացված համագումարի կազմակերպիչներին և քաղաքն անվանել «ֆանտաստիկ վայր»: