Հուլիսի 22-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության վերաբերյալ եզրակացությունները։
Բացի այդ, կքննարկվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի աջակցության միջոցառումների մասին Խորհրդի որոշումը։
Բրյուսելում այդ օրը քննարկվելու են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) էլեկտրոնային առևտրի համատեղ նախաձեռնության մասին հռչակագիրը, ԵՄ-Լատինական Ամերիկա և Կարիբյան հիմնադրամի նախագահի նշանակումը և այլն։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասել էր, որ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու, ինչպես նաև խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին օգնություն տրամադրելու հարցերը. ընդգրկված են հուլիսի 22-ի Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի (Նախարարների խորհուրդ) նիստի օրակարգում։
Մի քանի տարի տևած բանակցություններից հետո հուլիսի 17-ին Բրյուսելում Եվրոպական խորհուրդը վերջապես հավանություն տվեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական հանձնաժողովի առաջարկին։



























