Արագածոտնի մարզպետը խոստացել է վաղը հանդիպել Դավթաշեն գյուղի բնակիչներին, որոնք այսօր փակել էին Թալին-Երևան ճանապարհը: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի վարչական ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը՝ նշելով, որ բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով կամուրջ կառուցել, որը կկապի գյուղը գլխավոր մայրուղուն:
Գևորգ Հովհաննիսյանի խոսքով, «հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներն են խնդրի պատճառը. գյուղի մուտքն ամիսներ առաջ փակվել է, այլընտրանքային ճանապարհն էլ հեռու է բնակավայրերից:
«Ճանապարհը, որով ստիպված ենք երթևեկել, բնակավայրից շուրջ 3.5 կիլոմետր հեռու է»,-ասաց վարչական ղեկավարը՝ նշելով, որ ինքն էլ համակարծիք է բնակիչների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թալին-Երևան ավտոճանապարհին իրավիճակը լարված էր, բնակիչները փակել էին ճանապարհը՝ փորձելով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել իրենց խնդրին: Ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց էր սկսվել, ինչից հետո գյուղացիները բացել էին ճանապարհը:





























