Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` նոյեմբերի 28-ին, կայացել է Տեր Եսայի քահանա Արթենյանի հայցն ընդդեմ «Եհովայի վկա» կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ Եհովայի վկան դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման:
Նա մեղավոր է ճանաչվել Քր. Օր. 143-րդ հոդվածով` հոգեւորականին վիրավորելու, սպառնալու եւ եկեղեցու տարածքում քահանայի օրինական գործունեությունը ոտնահարելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գործով նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում, «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի Քահանա Արթենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել է նրանց եւ խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:
Սակայն Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ եւ վիճաբանել են Տեր Եսայի Քահանա Արտենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում` քահանան փորձել է բջջային հեռախոսով նկարել Ա. Մակվեցյանի եւ Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չի տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել է ետ վերցնել իր հեռախոսը, բայց Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել է նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանային:


























