Վերջին 2 տարում Շիրակի մարզի գյուղերից հեռացողների թիվը կրկնապատկվել է: «Տարեցտարի գյուղերը դատարկվում են, հողերի մեծ մասը` մնում անմշակ: Գյուղացու եկամուտներն անհամեմատ քիչ են, բնակլիմայական պայմանները հնարավորություն չեն տալիս զարգացնելու  գյուղատնտեսությունը»,-դժգոհել են Շիարկի մարզի Ջրառատ եւ Բասեն համայնքների բնակիչները: Նրանք դժգոհում են կառավարության անհեռանկարային քաղաքականությունից: «Չկա սոցիալական ոչ մի ծրագիր ուղղված գյուղին, գյուղում ապրելը դարձել է ավելի դժվար: Մեզ համեմատում են Արարատյան դաշտավայրի գյուղացիների հետ ու նույն հարկերը գանձում, բայց մեր հողը ոչինչ չի տալիս»,-դժգոհել է Ձրառատ համայնքի բնակիչ Ստյոպա Գնունյանը:

Նրա խոսքով, բնակիչների զբաղվածությունը հիմնականում ապահովվում է անասնապահությամբ: «Հող մշակելը եկամտաբեր չի, մեր քյարն ի՞նչ է, որ անասուն ենք պահում, բայց նույնիսկ այդ մսից էլ չենք ուտում, վաճառում ենք հարկ ու տուրք տալիս: Մեր օգուտը մենակ թրիքն է, որ աթար է դառնում ու ձմռանը վառում ենք»,-դժգոհել է նրա համագյուղացի Ելենա Սիրունյանը:

Գյուղացիների խոսքով, ձմռանը գյուղում բնակվելն ավելի դժվար է, քանի որ ձմռան ամսիներին նաեւ կապը մարզկենտրոն Գյումրիի հետ է կտրվում: Ճանապարհները շատ ժամանակ դժվարանցանելի են դառնում: Համայնքաբնակների խոսքով, հաջորդ գյուղատնտեսական տարում իրենցից շատերն ընդհանրապես հող մշակել չեն պատրաստվում:

«Իսկ Դրա համար գյուղացին ունի իր պատճառները, դիզվառելիքի, պարարտանյութի, եւ սերմացունի բարձր գներ: Մշտապես խոսում են  գյուղատնտեսությունը  զարգացնելու մասին, սակայն մեզ  այսօր գործնական քայլեր են անհրաժեշտ», -նշել են Կառնուտ գյուղի երիտասարդները: