Եթե օրական ձեր գլխից թափվում է 20-30 մազ, ապա դա բնական է, իսկ եթե դրանից ավելի է, դուք պետք է միջոցներ ձեռնարկեք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագա պերսոնա» գեղեցկության սրահի վարսահարդար Ալինա Մկրտչյանը: Իսկ թե ինչպես կանխել մազաթափությունը կամ ինչ միջոցներ ձեռնարկել դրա դեմ, Ալինան խորհուրդ է տալիս պարբերաբար օգտագործել մենթոլի հատկությամբ շամպունները, գլխի դիմակներ, զանազան նյութեր: Ըստ որում` մազաթափությունը հիմնականում լինում է աշնանը եւ գարնանը, այն տարիք չի հարցնում, լինում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդների մոտ:

«Արմինկա» գեղեցկության ստուդիոյի հիմնադիր, գլխավոր ոճաբան Լուսինե Նահապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախեւառաջ պետք է գտնել մազաթափության պատճառը, որը կարող է լինել տարբեր` սթրես, ջուր, օգտագործված նյութեր, սնունդ, վիտամինների պակաս եւ այլն: «Պետք է գտնել կոնկրետ պատճառը եւ նոր միջոցներ ձեռնարկել, այսօր բավականին լավ միջոցներ կան»,- նշեց Լուսինե Նահապետյանը: Մազաթափությունից խուսափելու համար գլխավոր ոճաբանը խորհուրդ է տալիս նաեւ խուսափել էժանագին մուսեր, լաքեր, գելեր օգտագործելուց, մազերը հարդարել  զգույշ եւ ոչ հաճախակի: Արդեն առկա մազաթափության դեմ որպես պայքարի միջոց` վարսահարդարը նշեց աղով գլուխը մերսելը: Մեկ այլ` «ՆՆ» գեղեցկության սրահի ոճաբան, վարսահարդար Աղավնի Ասլանյանը մազաթափության դեմ խորհուրդ է տալիս պայքարել` չվնասելով մազերը, օրինակ` շատ չներկել,  ներկել ճիշտ ժամանակին եւ չչարաշահել այն: Նա առաջարկում է իր դեղատոմսը. «Մեկ ձվի դեղնուցը  երկու թեյի գդալ  գերչակի յուղի եւ մեկ թեյի գդալ կոնյակի հետ խառնել եւ մեկ ժամ պահել մազերին ու լվանալ, անընդմեջ երեք ամիս օգտագործելու դեպքում մազերը կաճեն»,- նշեց նա: