Հայ հեղափոխական դաշնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում առայժմ մենակ մասնակցելու որոշում ունի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Իմ կարծիքով, սակայն, չի բացառվում, որ քաղաքական զարգացումների եւ առաջնահերթությունների համատեքստում, նաեւ գաղափարական կամ ծրագրային դաշինքի շրջագծով հանդես գանք: Բայց  առայժմ վաղ է այդ մասին խոսելը»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերին են տեսնում որպես հնարավոր դաշնակիցներ, Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Նախընտրելի է, որ այդ դաշինքը նախ գաղափարական եւ արժեքային հենք ունենար: Ցավոք, Հայաստանում մի միջավայր է ստեղծվել, պսեւդոքաղաքական միջավայր, որը իրական քաղաքական ինստիտուտների, դրա գործառույթների եւ արժեքների հետ որեւէ կապ չունի: Քաղաքական եւ հանրային հրապարակ այլ գործոններ եւ այլ գործիքներ են նետված: Մի կողմից խոսում են ժողովրդավարության մասին, բայց նույն այդ հայտարարված ժողովրդավարության մեջ ոչ գաղափարական, ոչ դասական քաղաքականության կանոններն են կենսունակ, եւ դա հստակ է: Լրահոսը դրա թափանցիկ արտացոլանքն է: Կրթաթոշակ բաժանելուց մինչեւ ասֆալտաշինություն դարձել են ընտրական ցուցիչներ: Ես շատ կուզենայի, որ նախընտրական շրջանը նախ եւ առաջ գաղափարների բախման միջավայր լիներ, մրցակցությունը ծրագրերի, Հայաստանի հեռանկարների տեսլականի շուրջ լիներ, եւ դրա արդյունքում  ձեւավորվեր Հայաստանի քաղաքական օրակարգը: Բայց քանի որ մեզանում քաղաքականությունը բացարձակապես սոցիալական եւ տնտեսական գործոն է, մենք առողջ, ազգային, գաղափարական ուժերի շուրջ անհրաժեշտ մոբիլիզացիա չենք կարողանում ապահովել: Ցավոք, չեմ տեսնում նման միջավայր եւ հեռանկար: Աղքատության ճիրաններին գամած, ընտրական գործիքի վերածված հասարակությանը հեշտ է մանիպուլացիաների ենթարկել: Իսկ քաղաքական օրակարգում իշխանություն պահելուն կամ իշխանություն զավթելուն ուղղված վարքագիծ է:

Ինչ ակնկալիքներ ունի ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հարցին էլ դաշնակցական պատգամավորը պատասխանեց. «Այս հարցն էլ այն տրամաբանության մեջ է, ինչ օրվա խաղի կանոններն են: Մեր իրականության մեջ տիրապետող է «Ինձ էլ ինչ կտաս, կտաս» փիլիսոփայությունը: Շատ պիտի ուզենայի, որ կարողանայինք փոխել ներկա քաղաքական մշակույթն ու որակները, որ քաղաքական ինստիտուտները իրենց իրական դերակատարության գիտացումն ունենային եւ կարողանային  իրականացնել դրանք, նաեւ քաղաքական կամք ու խոհեմություն ունենային Հայաստանում ապահովելու արդար եւ թափանցիկ ընտրություններ: Միայն արդար ընտրության արդյունքում մեր հասարակությունը կկարողանա քաղաքական հարթակ բերել այն ուժերին, որոնք ի վիճակի են լուծել Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները»: Ըստ պատգամավորի, Հայաստանն այսօր ծովածավալ խնդիրներ ունի` թե ներքին, թե արտաքին: «Եթե այս անգամ էլ ապավինեն բազկին ու գրպանի բովանդակությանը, ապա մեր երկրի հեռանկարը վտանգված եմ տեսնում: Այսօրվա թիվ մեկ քաղաքական օրակարգը արդար ընտրությունների անցկացումն է»,- նշեց նա:

Պատգամավորը թերահավատությամբ է վերաբերվում իշխանությունների` արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին հայտարարությանը: «Մենք այդպիսի հայտարարություններ անցնող 20 տարիների ընթացքում բոլոր նախագահներից, բոլոր քաղաքական ուժերից էլ լսել ենք, բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Ունենք խորհրդարան, որի ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքական գլխավոր ամբիոնին սոսկ հայացքով է մոտեցել»,- ամփոփեց Լիլիթ Գալստյանը: