Կրետե կղզու Ռեթիմնո մունիցիպալիտետում ուժեղ բնական հրդեհ է բռնկվել, հրդեհի դեմ պայքարում են հրշեջների ուժեղացված ուժերը, կանխարգելիչ նպատակներով տարհանվել է վեց գյուղ, տուժածներ չկան։
Ըստ հունական ERT-news հեռուստաալիքի՝ հրդեհի գլխավոր օջախը Ագիա Պարասկևի քաղաքից դեպի արևելք է, այն տարածվում է Վատյակո գյուղի ուղղությամբ։ Հրդեհը փորձում են մարել 250 հրշեջներ՝ 54 մեքենաներով, հետևակի 14 մարտիկներ և կամավորներ։ Օդից օգնություն են ցուցաբերում 13 հրշեջ ինքնաթիռ և 9 ուղղաթիռ, որոնցից երկուսը նախատեսված են հրդեհաշիջման աշխատանքները համակարգելու համար։
Հրդեհը Ռեթիմնոյում բռնկվել է չորեքշաբթի և սկզբում մեկուսացվել է մինչև գիշերը, սակայն հինգշաբթի առավոտյան ուժեղ քամու պատճառով կրկին հրդեհի օջախ է առաջացել, որն արագորեն տագնապալի չափերի է հասել։ Կանխարգելիչ նպատակներով տարհանվել է տեղի վեց գյուղ։ Հրդեհի վայր է մեկնել կլիմայական ճգնաժամի արձագանքման և քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը, ինչպես նաև Աթենքից հրշեջների լրացուցիչ 40 հոգանոց թիմը, որոնք օդանավով տեղափոխվել են Աթենքից:
Կրետեում հրդեհը ընդգրկել է ձիթապտղի այգիները, գյուղատնտեսական հողերը և թփուտները՝ վնասելով ոռոգման ցանցերը, սակայն հրշեջներն ասում են, որ դա կղզու ափին գտնվող զբոսաշրջային հյուրանոցների համար անմիջական վտանգ չի ներկայացնում:





























