Երեւանի Անանիա Շիրակացիի անվան ճեմարանում, նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին կմեկնարկի Հայաստանում Իտալիայի դեսպանության եւ Երեւանի Անանիա Շիրակացիի անվան ճեմարանի` իտալերենի անվճար ուսուցման համատեղ ծրագիրը:
Անանիա Շիրակացիի անվան ճեմարանից NEWS.am-ին հայտնում են, որ ճեմարանում գործող արտաուսումնական խմբերի թիվն ավելացել է եւս մեկով եւ ճեմարանակաները ֆակուլտատիվ դասընթացների միջոցով կուսումնասիրեն իտալերեն:
Դա Շիրակացիի ճեմարանի եւ Իտալիայի դեսպանության համատեղ ծրագիրն է: Ուսուցումը լինելու է անվճար: Այնպես,որ ճեմարանականները հնարավորություն կունենան ուսումնասիրելու եւս մեկ օտար լեզու, որը Դանթեի, Պետրարկայի, Բոկկաչոյի լեզուն է:
Ուսումնական ծրագրի համաձայն ճեմարանի աշակերտները սովորում են 2 օտար լեզու` անգլերեն եւ ռուսերեն: Սկսած 2006-ից ավելացել է նաեւ ֆրանսերենը, որն ընդգրկված է արտաուսումնական ուսուցման ծրագրի մեջ:
Անանիա Շիրակացիի անվան ճեմարանում գործում է 12 ֆակուլտատիվ խմբակ` ինտելեկտուալ ակումբ, պարի ստուդիա, թատերական ստուդիա, կերպարվեստի եւ հագուստի մոդելավորման խմբակ, պատանի ֆիզիկոսի, պատանի լրագրողի, պատանի բնապահպանների խմբակներ եւ այլն:
Ճեմարանի թատերական ստուդիան, որը գործում է ճեմարանի հիմնադրման տարվանից, հասել է նշանակալից հաջողությունների: Թատերախումբը դպրոցական թատերախմբերի «Նռան հատիկ» միջազգային փառատոնի մշտական մասնակիցն է, իսկ 2009 թվականին Չեխիայի Լիդիցե քաղաքում անցկացվող «Կանաչ մոլորակ» միջազգային փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման:
Միջազգային մրցույթներում ավանդաբար դափնիներ են շահում նաեւ Շիրակացիի ճեմարանի պատանի բնապահպանները: Նրանցից հետ չեն մնում նաեւ պատանի ֆիզիկոսները, որոնց համար ամենատարբեր մակարդակի օլիմպիադաներում հաղթելը , կարծես, սովորական երեւույթ է դարձել:
Այսօր ճեմարանում գործող արտաուսումնական խմբերում եւ ստուդիաներում ընդգրկված է 345 ճեմարանականներ, այդ թվում 206-ը կրտսեր դպրոցի սաներ, 71-ը միջին եւ 68-ը ավագ: Այսուհետեւ նրանց թիվը կավելանա եւս 75-ով:
Իտալերենի դասընթացները կանցկացնի հանրապետության լավագույն մասնագետներից մեկը` Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Մարիամ Բաղդասարյանը, որը վերապատրաստվել է Իտալիայում, Վենետիկի համալսարաններից մեկում:
Դասընթացների սկիզբը կկայանա 2011 թվականի նոյեմբեր 30-ին ժամը 1500-ին:




























