Բրազիլիայում միջին մեծության ATR-72 (PS-VPB) ուղեւորատար ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել թեւերի մոտ սառցաջրի գոյացումը։ Այս մասին տեղեկացրել է VOEPASS Linhas Aéreas ավիաընկերության տնօրեն Մարսել Մորան, տեղեկացրել է AFP-ը։

Ինքնաթիռը պլանային տեխնիկական սպասարկում էր անցել վթարի նախօրեի երեկոյան, եւ այդ ժամանակ «ոչ մի տեխնիկական խնդիր» չէր հայտնաբերվել, ավելացրել է նա։ Եղանակային պայմանները «թռիչքի համար ընդունելի մակարդակում էին», ընդգծել է Մորան, տեղեկացրել է DW-ը։ Սակայն այդ տիպի օդանավը կատարում է չվերթներ այն բարձրությունում, որտեղ կա սառցակալման հավանականություն, նշել է փորձագետը։

Ինքնաթիռն օգտագործվել է 2010 թվականից եւ համապատասխանում էր ավիացիոն չափորոշիչներին, անձնակազմի չորս անդամները թռիչքներ կատարելու թույլտվություն ունեին, հայտնել են Քաղավիացիայի ազգային գործակալությունում։

ATR-72 (PS-VPB) ինքնաթիռը, որը Կասկավելից թռչում էր Գուարուլյուս միջազգային օդանավակայան, կործանվել է օգոստոսի 9-ին։ Զոհվել է 62 մարդ՝ բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները։

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։

Խոսքը զոհերի առավելագույն թվով ավիավթարի մասին է 2023թ. հունվարից ի վեր, երբ 72 մարդ զոհվեց Նեպալում, Yeti Airlines ավիաընկերության ATR-72 ինքնաթիռում։