Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում այսօր` նոյեմբերի 29-ին, տեղի է ունեցել «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը, որն իրականություն է դարձել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ: Բացելով միջոցառումը` ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կարեւորել է Հայկական վիրտուալ գիտական գրադարանի ստեղծման նշանակությունը եւ նշել, որ այն «մեկ պատուհանի» սկզբունքով հնարավորություն կտա հայ գիտնականներին առցանց օգտվել համաշխարհային գիտական ամսագրերից ու շտեմարաններից:

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունելով մասնակիցներին, նշել է, որ համաշխարհային գիտական գրականության հասանելիությունն այսօր հայ գիտնականների թիվ մեկ խնդիրն է: Վիրտուալ գրադարանի ստեղծումը հնարավորություն կտա հայ գիտնականներին ոչ միայն ծանոթանալ համաշխարհային գիտական մտքին, այլեւ իրենց աշխատությունները ներկայացնել համաշխարհային հանրությանը: Ս. Հարությունյանն ընդգծել է, որ տարվում են աշխատանքներ եւ  մինչեւ 2015թ. համաշխարհային գիտական գրականությ ան 70-80%-ը հայ գիտնականներին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Շնորհանդեսի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Կարեւորելով գիտությունը եւ տեխնոլոգիական ոլոտները, ԱՄՆ դեսպանն իր խոսքում նշել է, որ այս ուղղությամբ  նախատեսվում է զարգացնել համագործակցությունը ՀՀ ԿԳՆ –ի ԳԱԱ-ի հետ:

«Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագիրը ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն գիտական հոդված եւ ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր: Ծրագրի իրականացմանն աջակցում են ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը եւ ԱՄՆ պետդեպարտամենտը։