Այս տարվա ամենաուժեղ անտառային հրդեհը Հունաստանում խլել է մեկ կնոջ կյանք եւ երեքշաբթի շարունակում է մոլեգնել մայրաքաղաք Աթենքի արվարձանում, թեեւ ավելի թույլ քամին եւ հրշիջման ջանքերը օգնել են իջեցնել դրա ինտենսիվությունը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Հարյուրավոր հրշեջներ վեց ինքնաթիռների օգնությամբ պայքարում են կրակի դեմ, որն սկսվել է կիրակի Վարնավաս գյուղից ոչ հեռու՝ Աթենքից 35 կիլոմետր հյուսիս։
Երկուշաբթի կրակը բլրապատ տեղանքից անցել է արվարձաններ՝ այրելով տներն ու խուճապ առաջացնելով այն շրջաններում, որոնք տասնամյակներ շարունակ նման բան չէին տեսել կենտրոնին այդքան մոտ։
Մեկ օր առաջ այն հասել էր Վրիլիսիային, որը Աթենքից հեռու է մոտ 14 կիլոմետր, որտեղ ֆաբրիկայի տարածքում մահացած են գտել 64-ամյա մի կնոջ, տեղեկացրել են ականատեսները։
Անտառային հրդեհի պատճառը առայժմ պարզված չէ։
Հրդեհի օջախները նախկինի պես մնում են Աթենքի հյուսիսում, բայց ուժեղ հրդեհները եւ թանձր ծուխը հիմնականում մարել եւ ցրվել են։
Սպասվում է, որ երեքշաբթի ավելի ուշ փոթորկուն քամին նորից կուժեղանա, եւ մինչեւ հինգշաբթի երկրում կպահպանվի հրդեհային բարձր պատրաստության վիճակը, կանխատեսվում է ուժեղ քամի, օդի ջերմաստիճանը կլինի Ցելսիուսի 40 աստիճան։
Անտառային հրդեհներն արդեն երկար տարիներ հունական ամռան բնորոշ գիծն են. 2018թ. Մատի ծովափնյա քաղաքում, մայրաքաղաքից ոչ հեռու, ամենամահասփյուռ անտառային հրդեհի պատճառով զոհվել է 104 մարդ։ Բայց կլիմայի փոփոխությունը հանգեցրել է ավելի շոգ եղանակի եւ քիչ քանակությամբ տեղումների, ինչը կատարյալ պայման է խոշորածավալ հրդեհների համար։
Այս տարի երկրում սահմանվել է ամենատաք ձմեռը դիտարկումների պատմության ողջ ընթացքում, եւ սպասվում էր ամենաշոգ ամառը, շատ շրջաններում մի քանի ամիս շարունակ գրեթե տեղումներ չեն եղել։





























