Ասամ նահանգում (Հնդկաստանի հյուսիս-արեւելք) գործարկել են բջջային հավելված, որը մարդկանց զգուշացնում է վայրի փղերի նախրի մոտենալու մասին, որպեսզի նվազեցվի մարդկանց եւ փղերի բախումների թիվը, տեղեկացրել է NBC News-ը։
HaatiApp հավելվածը, որը մշակել է Aaranyak բնապահպան ընկերությունը, հետեւում է վայրի փղերի նախիրների տեղաշարժին եւ նախազգուշացնում է օգտատերերին նրանց մոտենալու մասին։
Հավելվածը նաեւ բնակիչներին թույլ է տալիս տեղեկացնել փղերին հանդիպելու, վնասվածքների եւ մահերի, ինչպես նաեւ բերքին եւ գույքին պատճառված վնասի մասին եւ պարունակում է ձեւաթուղթ, որը տուժածները կարող են օգտագործել պետական մարմիններից փոխհատուցում ստանալու համար։
Մարդկանց եւ փղերի միջեւ բախումները նահանգում դարձել են ավելի քան 200 փղերի եւ 400 մարդկանց զոհվելու պատճառ 2017-2022թթ., տեղեկացրել է կազմակերպությունը։




























