Տոմսկի պետական համալսարանի կենսաբան Ալեքսանդր Ժիգալինը եւ նրա գործընկերները հայտնաբերել են կորոնավիրուս Սիբիրի եւ Դաղստանի չղջիկների մոտ։ Նրանց գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Տոմսկի պետական համալսարանի կայքում։

Դաղստանի չղջիկների մոտ վիրուսները նման են վերջին կորոնավիրուսային վարակի հարուցիչներին, որը համավարակ էր առաջացրել, եւ կովկասյան, մերձավորարեւելյան ու եվրոպական  մյուս կորոնավիրուսներին, գրել է ՌԲԿ-ն։

Համալսարանում նշել են, որ չղջիկները կուտակվում են քարայրներում բազմացման եւ ձմեռման ժամանակ։ Այս պայմաններում վիրուսները շրջանառվում եւ պահպանվում են եւ հեշտ փոխում տիրոջը։ Վարակումը տեղի է ունենում, օրինակ, կծելու եւ բազմանալու ժամանակ։

Բուհում հիշեցրել են, որ չղջիկները եղել են նոր վարակների տարածման աղբյուր այս հարյուրամյակում, ուստի կարեւոր է ուսումնասիրել նրանց վիրուսները։ Վիրուսների էվոլյուցիայի եւ փոփոխականության մասին տվյալները թույլ կտան կանխատեսել, թե դրանցից հատկապես որոնք կարող են վտանգավոր լինել մարդու համար։ Վտանգավո՞ր են արդյոք Սիբիրի  եւ Դաղստանի չղջիկների վիրուսները մարդու համար՝ բուհում չեն նշել։