Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանը, ում զորամասում ծեծի հետեւանքով հոգեխանգարման են հասցրել, գտնվում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Ավելին` ՄԻ պաշտպանը շաբաթներ առաջ  պաշտոնական գրություն է ուղարկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որի միջոցով փորձել է պարզել կատարված դեպքի մանրամասները: ՊՆ-ից ՄԻՊ-ին երկու պատասխան-գրություն են ուղարկել. առաջին գրության մեջ նշվել է, որ Ժորա Մկրտչյանը  գտնվում է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, ստանում է բուժում, որից հետո պետք է որոշվի նրա հետագա ծառայությունը շարունակելու պիտանելիության  հարցը, իսկ 15 օր անց` նոյեմբերի 17-ին ՊՆ-ից նոր գրություն է ստացվել, որ Ժորա Մկրտչյանն օրգանական զառանցանքային խանգարմամբ ներկայացել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին եւ համաձայն պաշտպանության նախարարի հրամանի ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի Ռազմական եւ զինծառայողների հարցերով խորհրդական Ռուստամ Մախմուդյանը: Նրա խոսքով, վերջին  փաստաթուղթն ստանալուց հետո, իրենց մոտ ֆիքսվում է, որ տղայի հետագա զինծառայության հարցը որոշված է եւ  տղան զորացրված է:

«Միայն NEWS.am-ում  հրապարկված նյութից հետո մեզ համար պարզ դարձավ, որ տղան դեռեւս շարունակում է  գտնվել հոգեբուժարանում եւ նույնիսկ որոշ խոսակցությունների համաձայն նրան հնարավոր է զորացրեն մինչեւ տարեվերջ: Հրապարակումից հետո ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբի տղաները հանդիպել են Ժորա Մկրտչյանին, ինչպես նաեւ հոգեբանական բաժանմունքի համապատասխան ներկայացուցիչների հետ: Պարզվել է, որ հոգեբուժական բաժանմունքը երբեւէ Կենտրոնական  ռազմաբժշկական հանձնաժողովից Ժորա Մկրտչյանին զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու մասին որոշում չի ստացել»,- ասաց Ռուստամ Մախմուդյանը:

Նրա փոխանցմամբ, ՄԻՊ-ի ներկայացուցիչներին փոխանցել են, որ նոյեմբերի 8-ին Ժորա Մկրտչյանը ներկայացել է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի  նիստին եւ  որոշվել է նրա բուժումը երկարացնել  եւս 15 օրով: Այսինքն` մինչեւ նոյեմբերի 23-ը, որից հետո  կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը պետք է որոշեր Ժորան պիտանի՞ է ծառայության համար, թե` ոչ: Բացի այդ, ՄԻՊ-ի ներկայացուցիչներին ասել են, որ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը շուրջ 3 շաբաթ նիստեր չի գումարելու:

Այսինքն ստացվում է, որ Սեյրան Օհանյանի` ՄԻՊ-ին ուղարկված գրության եւ իրականության միջեւ կա անհամապատասխանություն: «Մեզ համար անհասկանալի է նաեւ այն, որ երբ  մարդու զինծառյության համար պիտանելիության հարցը որոշելու խնդիր կա, եւ այդ մարդը գտնվում է ոչ ցանկալի վայրում` հոգեբուժարանում, որոշել են հանձնաժողովի նիստը 3 շաբաթ հետո գումարել: Որքանո՞վ է դա նպատակահարմար»,- հարց հնչեցրեց Ռ. Մախմուդյանն ու հավելեց, որ ՊՆ համակարգում առկա անհամապատասխանությունների հարցը պարզելու համար որոշել են կրկին գրությամբ դիմել Սեյրան Օհանյանին:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը դիմել էր ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանին հասկանալու համար, թե ինչո՞ւ տղային դուրս չեն գրում, ինչին ի պատասխան վերջինս արձագանքել էր. «Տղան զինծառայության մեջ է գտնվում, հետեւաբար չեն կարող տղային դուրս գրել եւ տանել: Ժորայի նկատմամբ նշանակված է դատահոգեբուժական փորձաքննություն, որի պատասխանը դեռ չի ստացվել: Նա պետք է անցնի նաեւ ռազմաբժշկական փորձաքննություն, որը պետք է որոշի նրա պիտանելիության հարցը հետագա զինծառայության համար: Հետեւաբար` ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո շատ հնարավոր է, որ նա շարունակի իր ծառայությունը կամ ազատ արձակվի: Ավելին` նույնիսկ դատահոգեբանական փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն»:

Հիշեցնենք, որ 19-ամյա Ժորա Մկրտչյանը «Եղնիկներ» զորամաս է զորակոչվել է 2010թ-ի դեկտեմբերի 18-ին Թալինի շրջանի Լուսական գյուղից, իսկ սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք է տեղափոխվել: Պատճառն էլ հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի պատմելով այն է եղել, որ զինծառայողներից մի քանիսը տղայի զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը եւ տղան ցանկացել է դիմադրել: Արդյունքում հայրը տղային տեսել է անտանելի վիճակում, կապույտ, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, ոտքերը` վերք, կապույտ: Տղան նաեւ սրտից է բողոքում, քանի որ ոտքով միշտ խփել են սրտին: Մկրտիչ Մկրտչյանի փոխանցմամբ, իրեն խոստացել էին, որ Ժորային նոյեմբերի 9-ին դուրս են գրելու, հետո խոստացել են նոյեմբերի 22-ին դուրս գրել, իսկ նոյեմբերի 22-ից հետո խոստումը տեղափոխել մինչեւ Նոր տարի:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը