Վերջին օրերին Շիրակի մարզում նկատվում է արտերկրից վերադարձող աշխատանքային միգրանտների թվաքանակի կտրուկ աճ: Ինչպես հայտնի է վերջին շրջանում միգրացիոն ցուցանիշն ավելացել է նաեւ գյուղական համայնքներում: Շիրակի մարզի Ազատան համայնքից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը գերազանցում է 800-ը:
Գյուղապետ Վարդան Իկիլիկյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է. «Եթե նախկինում գյուղացու եկամուտը հողից էր, ապա այժմ դրսից, գյուղի ընտանիքների մեծ մասն ապրում է արտագնա աշխատանքի մեկնածների աշխատանքով»:
Վերջին օրերին արտագնա աշխատանքի մեկնած գյուղացիների 80 տոկոսն արդեն վերադարձել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում 2 օր առաջ Յակուտիայից Ազատան վերադարձած Դավիթ Մարդոյանը նշել է, թե մեկ ամիս անց դարձյալ մեկնելու է: «Ես շինարար տղա եմ, այնտեղ ինձ լավ գործ տվեցին, խոստացան նաեւ բնակարանով ապահովել, որ ընտանիքիս էլ տանեմ, բայց վերադարձա: Չեմ կարող հայրենիքս լքել, ես սիրում եմ Հայաստանը»,-նշել է նա:
Մեկ շաբաթ առաջ կրկին Յակուտիայից վերադարձած Թելման Ղազարյանը տեղում աշխատանք ունի, բայց ասում է ստացած աշխատավարձն այնքան քիչ է, որ դրանով չի կարողանում անգամ 3 անչափահաս երեխաների դպրոցական ծախսերը հոգալ: «Ստիպված 6-րդ տարին է, մեկնում եմ արտագնա աշխատանքի: Մեր խումբը հենց Ազատանում ենք ստեղծել եւ 10 հոգանոց բրիգադով ամեն տարի Յակուտիա ենք գնում: Այնտեղ բոլորը հայ են, երբ շուկա եմ գնում, ես գիտեմ թե Հայաստանում եմ»,-նշել է Թելման Ղազարյանը:
Եթե արտագնա աշխատանքը չլինի, աղքատության ցուցանիշը գյուղում կտրուկ կբարձրանա, համոզված է Ազատանի գյուղապետը: Ուստի գտնում է, որ հային իր երկրում պահելու համար, պետական լուրջ քայլեր պետք է իրագործվեն, որպեսզի նախկինի նման գյուղացին դարձյալ նվիրվի հողին ու իր եկամուտը տեղում ստանա:




























