Իրանի նոր արտգործնախարար Աբաս Արաքչին հրապարակել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։

Ճապոնական Kyodo News-ին տված իր առաջին հարցազրույցում Արաքչին հայտնել է, որ իր նախարարությունը ամրապնդելու է կապերը Թեհրանի եւ Տոկիոյի միջեւ բոլոր ուղղություններում եւ համագործակցելու է Տոկիոյի հետ տարածաշրջանային ճգնաժամի համատեղ լուծման համար։

Արաքչիի կարծիքով՝ Իրանը եւ Ճապոնիան փոխշահավետ եւ կայունացնող գործընկերության հսկայական պոտենցիալ ունեն Ասիայում։

Արաքչին ասել է, որ նոր կառավարությունը կարեւոր է համարում հարաբերությունների զարգացումն Արեւելյան Ասիայի հետ եւ ընդգծել է «Ճապոնիայի կարեւոր դերը» այդ համատեքստում։ Արտգործնախարարը ասել է, որ գլոբալ անորոշության եւ վերափոխումների պայմաններում խիստ կարեւոր է նոր ուղիներ բացել տնտեսական եւ առեւտրային համագործակցության համար Իրանի եւ Ճապոնիայի միջեւ։

Ինչ վերաբերում է Ճապոնիայի 2019թ. նախաձեռնությանը Թեհրանի եւ Վաշինգտոնի թշնամանքի հաղթահարման վերաբերյալ, Արաքչին ասել է, որ Իրանը եւ Ճապոնիան ամրապնդել են հարաբերությունները, որոնք բնորոշվում են բարեկամությամբ, փոխադարձ ըմբռնմամբ, հարգանքով եւ վստահությամբ։

Իրանի արտգործնախարարը բացատրել է, որ որպես կարեւոր քայլ Իրանի հանդեպ պատժամիջոցների հանման ճանապարհին կարեւորվում է հարաբերությունների կարգավորումը Վաշինգտոնի եւ կապերի վերականգնումը եվրոպական երկրների հետ, բայց միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն «իրենց թշնամական մոտեցումից»՝ ձգտելով վերականգնել 2015թ. միջուկային գործարքը եւ չեղարկել պատժամիջոցները։