Ազգային ժողովում այսօր` նոյեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ «Շմայս» մականունով հայտնի Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին ասել է «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ», իսկ վերջինս նրան պատասխանել է «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր», փորձեցինք մեկնաբանություն ստանալ Առաքել Մովսիսյանից: Զանգարահելով նրա հեռախոսահամարին` նախ ճշտեցինք, որ պարոն Մովսիսյանի հետ ենք խոսում, ապա ներկայացանք եւ խնդրեցինք միջադեպը մեկնաբանել: Նա սկզբում ուշադիր լսեց հարցը, ու երբ իմացավ, թե ինչ են իրենից հարցնում, հայտարարեց, թե ինքն Առաքել Մովսիսյանը չէ, որ վարորդն է, հետո էլ, թե նրա եղբայրն է:

Ստորեւ ներկայացնում ենք հեռախոսային զրույցը:

Վիրավորե՞լ եք ձեր գործընկերոջը եւ եթե այո, ապա ինչո՞ւ:

Ոչինչ, որ Մովսիսյանի հետ չեք խոսում, վարորդի հետ եք խոսում:

Իսկ ինչո՞ւ սկզբից ներկայացաք պարոն Մովսիսյան:

Ինքը ստեղ չի, դուրս է եկել, ես իր եղբայրն եմ:

Իսկ կարո՞ղ է իմանաք, պարոն Մովսիսյանը այսօր անտրամադի՞ր էր, որ վիրավորել է Արմեն Մարտիրոսյանին:

Ինքը նենց մարդ է, որ ընդհանրապես տրամադրությունը չի գցում:

Իսկ եթե իր վարորդն եք եւ եղբայրը, հնարավո՞ր է ձեր հետ կիսված լինի ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ես որ պատգամավոր լինեի, կպատասխանեի, իրեն հարցրեք: Հեռախոսը թողել է, ինքը Գալուստ Գրիգորիչի (ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի-խմբ) սենյակում է:

Իսկ ինչո՞ւ է այնտեղ, կարո՞ղ է  Գալուստ Գրիգորիչն է  կանչել այդ միջադեպի կապակցությամբ:

Ինքը Հանրապետական կուսակցությունից է: Տեղյակ չեմ, ի՞նչ միջադեպ:

Ի դեպ, այս հեռախոսազրույցից անմիջապես հետո զանգահարեցինք ԱԺ  պատգամավոր Գալուստ Սահակյանի աշխատասենյակ: Հեռախոսին պատասխանող աղջիկը հայտնեց, որ Գալուստ Սահակյանը ԱԺ-ից շուտ է դուրս եկել եւ էլ չի վերադառնա: Հարցին, թե Առաքել Մովսիսյանն այսօր, մասնավորապես` րոպեներ առաջ իր մոտ եղե՞լ է, նա նշեց, որ ոչ եւ ով նման բան է ասել, սխալ տեղեկություններ է տարածել:

Դրանից հետո ճշտեցինք նաեւ, որ Գալուստ Սահակյանը ժամը 15.30-ին «Պոստ սկրիպտում» հաղորդման հյուրը պետք է լիներ, ինչը նշանակում է, որ գոնե 15.00-ին պետք է որ դուրս եկած լինի ԱԺ-ից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ նիստերի դահլիճում այսօր կրքերը թեժացել են: Վարկային փոխառության մասին համաձայնագրի քննարկման ժամանակ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նիստերի դահլիճ է հրավիրել ԱԺ շենքում գտնվող բոլոր հանրապետական պատգամավորներին` քվեարկությունները կազմակերպելու համար, սակայն փոքր-ինչ ուշացրել է քվեարկություն կազմակերպելը, ինչի պատճառով ԱԺ դահլիճում իսկական ժխոր է առաջացել, հանրապետականները բացարձակապես չեն ենթարկվել Նիկոյանին, ով հուսահատ ջանքեր է գործադրել իր կուսակիցներին կարգի հրավիրելու համար: Ինչպես NEWS.am-ին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանի ելույթի պահին կրքերը հասել են գագաթնակետին, եւ «Ժառանգության» պատգամավորը ստիպված է եղել մի պահ ընդհատել ելույթը: Դա զայրացրել է «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին, ով տեղից բղավել է. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ»: Արմեն Մարտիրոսյանը հակադարձել է հանրապետական պատգամավորին. «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր: Այդ ի՞նչ ձեւ ես խոսում» արտահայտությամբ: Մովսիսյանին կարգի է հրավիրել նաեւ Ստեփան Սաֆարյանը: Հանրապետական պատգամավորը դրանից հետո լքել էր նիստերի դահլիճը: