Մաորիների թագավոր Թուհեիտիա Պոտատու Ռի Ֆերոֆերո VII-ը 69 տարեկանում մահացել է վերջերս կատարված սրտի վիրահատությունից հետո։ Այս մասին տեղեկացրել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիտերսը։

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ երկրի կառավարությունը խորապես վշտացած է Թուհեիտիա Պոտատու Ռի Ֆերոֆերո VII-ի մահվան առիթով եւ ցավակցում է նրա ընտանիքին եւ համայնքին»։ Ցավակցություն է հայտնել նաեւ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ը։ Երկրում բոլոր կառավարական շենքերի վրա իջեցվել են պետական դրոշները։

Սպասվում է, որ հաջորդ հինգ օրերին Նոր Զելանդիայում տեղի կունենան հիշատակի արարողություններ, որոնց կմասնակցեն մաորի ցեղի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ խաղաղօվկիանոսյան պետությունների պատվիրակություններ։ Սեպտեմբերի 5-ին Թուհեիտիա Պոտատու Ռի Ֆերոֆերո VII-ը կթաղվի մաորի ցեղի այլ թագավորների կողքին Տաուպիրի սրբազան լեռան վրա (գտնվում է Հյուսիսային կղզում, 120 կիլոմետր հարավ Օքլենդից)։ Նույն օրը, բայց մինչ հուղարկավորությունը, կընտրվի նոր միապետ։