2024-ի օգոստոսն ամենաշոգն էր Սիդնեյում վերջին 29 տարիների ընթացքում։ Ինչպես տեղեկացրել են Ավստրալիայի պետական օդերեւութաբանական բյուրոյում (BOM), ամռան նախավերջին օրը ջերմաստիճանը մեգապոլիսում գերազանցել է 30 աստիճանը։

Բյուրոյում նշել են, որ օգոստոսի 30-ին Սիդնեյում ամենաշոգ օգոստոսյան օրն էր 1995-ից ի վեր։ «Համաձայն Observatory Hill մետեոկայանի տվյալների՝ ջերմաստիճանը քաղաքում ցերեկը հասել է 30,3 աստիճանի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1995-ից ի վեր, երբ ջերմաչափերը ցույց են տվել 31,3 աստիճան։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1995-ից ի վեր»,- նշել են BOM-ում։ Անցած տարի Սիդնեյում ամենաբարձր ցուցանիշը եղել է 27,5 աստիճանը։

Բյուրոն միաժամանակ նախազգուշացրել է ջերմաստիճանի կտրուկ իջեցման, ուժեղ քամու եւ ձյան մասին Ավստրալիայի ամենահարավային շրջանի՝ Տասմանիա կղզու բնակիչների համար։ Այստեղ քամու եւ սառցե անձրեւի պատճառով առանց էլեկտրականության են մնացել մոտ 9 հազար տներ։ Ջերմաստիճանն այստեղ չի գերազանցում 14 աստիճանը, իսկ լեռներում իջնում է մինուսային մեծությունների։ «Շաբաթ օրվա համար նախազգուշացրել ենք փոթորկի մասին հարավային եւ արեւմտյան ափերում։ Բացի այդ, հանգստյան օրերին [Տասմանիայում] սպասվում է առատ ձյուն լեռներում, Հոբարտի մոտ եւ կղզու կենտրոնական մասում»,- ասել է բյուրոյի աշխատակից Մեթյու Թոմասը։

Ավելի վաղ օդերեւութաբանները տեղեկացրել էին կլիմայական ռեկորդի մասին Ավստրալիայում՝ օգոստոսի 26-ին Յամփի-Սաունդ ծովախորշում (երկրի հյուսիս-արեւմուտք) գրանցելով 41,6 աստիճան։ Այս արտասովոր շոգը օդերեւութաբանները բացատրել են Հարավային օվկիանոսում սառը օդային զանգվածների անբավարարությամբ, ինչի հետեւանքով մայրցամաքային օդը տաքացել է ժամանակից շուտ։