Ճապոնիան, որն այնքան աշխատասեր երկիր է, որ ճապոներենում կա տերմին, որը նշանակում է տառացիորեն «տքնել մինչեւ մահ», փորձում է լուծել աշխատուժի պակասի խնդիրը՝ համոզելով անցնել քառօրյա աշխատանքային շաբաթի», տեղեկացրել է Associated Press-ը։
Ճապոնիայի կառավարությունը առաջին անգամ հօգուտ աշխատանքային շաբաթվա կրճատման հանդես է եկել 2021թ., այն բանից հետո, երբ օրենսդիրները հավանություն էին տվել այդ գաղափարին։
Սակայն այդ հայեցակարգը դանդաղ է հավանության արժանանում հանրության շրջանում. առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության տվյալներով՝ Ճապոնիայում ընկերությունների մոտ 8 տոկոսը թույլ է տալիս աշխատակիցներին վերցնել շաբաթական երեք եւ ավելի հանգստյան օրեր, մինչդեռ 7 տոկոսը տալիս է օրենքով նախատեսված մեկ օրը։
«Մենք ձգտում ենք ստեղծել աճի եւ բաշխման նպաստավոր շրջափուլ եւ հնարավորություն տալ յուրաքանչյուր աշխատողի ավելի լավ նայել ապագային»,- նշվել է նախարարության կայքում, «խատարակիկատա կայկակու» քարոզչությանը նվիրված, որը թարգմանվում է որպես «նորարարությունների ներդրում մեր աշխատանքում»։
Բիզնեսի աջակցման նոր ծառայությունները ղեկավարող վարչությունը տեղեկացրել է, որ առայժմ միայն երեք ընկերություն է դիմել փոփոխություններ մտցնելու, համապատասխան նորմատիվ ակտեր եւ հասանելի սուբսիդիաներ ստանալու մասին խորհրդատվությունների համար, ինչը վկայում է այն մասին, որ նախաձեռնությունը խնդիրների է բախվում։





























