Ադրբեջանի այդ մեղադրանքները համարում եմ անարդար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիեւի մեղադրանքներին, թե Հայաստանը ժամանակ է ձգում եւ զինվում է:

«Ցանկացած պետություն ունի ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալու իրավունք: Միջազգային իրվունքը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը զինված ուժեր ունենալու, ինքնապաշտպանվելու իրավունքը համարում է անօտարելի իրավունք: Ցանկացած երկիր իրեն պաշտպնելու իրավունք ունի եւ դա որեւէ կերպ չի կարող վիճարկվել: Այն բարեփոխումները, որ տեղի են ունենում ՀՀ զինված ուժերում, ունեն միայն այս նպատակը:

Ընդդիմությունը մեզ քննադատել է այն փաստի բերումով, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ, շուրջ 200 քկմ, օկուպացված են եւ ՀՀ կառվարությունը միջոցներ չի ձեռնարկում դրանք հետ բերելու համար: Մեզ համար Հայաստանի 29 743 քկմ տարածքը սակարկության ենթակա չէ, բայց մյուս կողմից այսօր եւ վաղը եւ մյուս օրը, խնդիր չենք դնում այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը ռազմական ճանապարհով վերականգնելու: Ինչո՞ւ, որովհետեւ համարում ենք, որ այն պայմանավորվածությունները եւ այն սկզբունքները, որոնք արդեն որդեգրված են, հնարավորություն են տալիս, որ բացառապես խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում սահմանազատման գործընթացում մեր խնդիրները լուծենք: Այնպես որ Հայաստանը որեւէ ագրեսիվ նպատակ չունի, եւ սա մեր քաղաքականությունն է»,-ասաց Փաշինյանը: