Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ձայների Ճնշող մեծամասնությունը կվերցնի իշխող «Եդինայա Ռոսիան», ինչպես որոշել է Պուտինը, մնացածը կստանան այլ կուսակցություններ, որոնց դժվար է ընդդիմադիր ասել: Այսօր` նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսում անդրադառնալով ՌԴ-ում կայանալիք ընտրություններին, ասաց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Չեմ կարծում, թե կոմունիստներն ու Ժիրինովսկիի կուսակցությունն ընդդիմադիր են, իսկ ով ընդդիմադիր է, չափից դուրս մարգինալացված է, որոնց անգամ չեն էլ գրանցի»,-ասաց նա:
Այնուհետեւ անդրադառնալով ռուսական ընտրական գործընթացների Հայաստանի վրա ազդեցությանը, նա նշեց. «Հաշվի չառնել ռուսական ընտրությունների ազդեցությունը Հայաստանի համար հնարավոր չէ: Հայաստանի քաղաքական էլիտան բազմաթիվ կապեր ունի Ռուսաստանում, բայց ասել, թե մեկը մեկին կհամապատասխանի, սխալ կլինի: Հայաստանում կա ավելի ազդեցիկ ընդդիմություն»:
Հարցին, թե արդյոք Պուտի՞նն է որոշելու, թե ով է լինելու Հայաստանի նախագահը, Արամ Աբրահամյանը պատասխանեց. «Ամեն ինչ այդքան պարզ չէ: Իհարկե, Ռուսաստանի տարբեր ուժեր կարող են խոսել Հայաստանի ուժերի հետ, շահագրգռված լինել որեւէ ուժի հաղթանակի մեջ, բայց եթե տեսնեն, որ հակառուսական որեւէ մեկն է դառնում նախագահ, դեմ չեն լինի, որ դառնա: Հետո քաղաքականությունը կվարվի ինչպես պետք է»:




























