Քվեբեկի համալսարանի եւ Մոնթկոնի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են հոգեբանական այն ասպեկտները, որոնք երջանիկ կյանք են ապահովում։ Հետազոտությունը հրապարակվել է Motivation and Emotion (MAE) գիտական ամսագրում։
Թիմը կենտրոնացել է այնպիսի գործոնների վրա, ինչպիսին են կիրքը հետաքրքիր զբաղմունքների հանդեպ եւ ինքնամոտիվացիան քիչ գրավիչ խնդիրների կատարման համար, ինչպիսին է, օրինակ, տան աշխատանքը։
Հետազոտողները կատարել են հինգ փորձ մի քանի տարիների ընթացքում, որոնց մասնակցել են երիտասարդներ։ Այդ թեստերում օգտագործվել է հարցումների, օրագրերի եւ կրքի, ինքնակարգավորման, հույզերի եւ ընդհանուր բարեկեցության մակարդակների գնահատման մեթոդների համադրում։
Արդյունքները ցույց են տվել, որ ներդաշնակ կրքի եւ ինքնամոտիվացիայի ամենօրյա ապրումները կապված են եղել ավելի դրական հույզերի եւ բարեկեցության բարձր զգացողության հետ։
Ավելին, գիտնականները պարզել են, որ երջանիկ ինքնազգացողության ձեւավորումը տեւում է վեց ամիս, որոնց ընթացքում մարդը պետք է պահպանի իր համար հետաքրքիր գործերի եւ ամենօրյա խնդիրների միջեւ հավասարակշռությունը։
Մասնագետների խոսքով՝ բացահայտումն ընդգծում է գոնե մեկ գրավիչ զբաղմունքի առկայության կարեւորությունը, որը մարդու մեջ դրանով զբաղվելու ցանկություն է առաջացնում օրեցօր։ Նման հոբբին ժամանակի ընթացքում օգնում է հասնել բարեկեցության ընդհանուր զգացողության կյանքում։





























