Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղված եւ արտաքսված հայուհիների մոտ 10 տոկոսը գործակալներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, ով այսօր ՀԱԿ-ի անդամ է:
Նա հիշեցրեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե 6500 անբարո կին է արտաքսել Թուրքիայից անցյալ տարի: «Իսկ էս մեր իշխանություն կոչվածները չենք հերքում դա, ծպտուն չեն հանում, չեն ասում, որ դա լկտի սուտ է: Հետեւաբար ես կարող եմ որպես քաղաքացի հասկանալ, որ նրա ասածի մեջ ճշմարտություն կա: Հայ կնոջը այն օրին եք գցել, որ ստիպված գնացել է թուրքի մոտ ամենահին արհեստով է զբաղվում գումար վաստակելու համար: Իսկ մենք ապահովագրված չենք, որ այդ 6500 անբարո կանանց 10 տոկոսը գործակալ է այնտեղից վերադարձել: Կամ ինչպե՞ս են պայքարելում նույն անբարո հայ գործակալների դեմ»,- բարձրաձայնեց Գուրգեն Եղիազարյանը:
Հարցին, թե ԱԱԾ-ում իր պաշտոնավարման տարիներին նման դեպքեր եղե՞լ են, Եղիազարյանը պատասխանեց. «Բացահայտված դեպքեր շատ-շատ կան, որովհետեւ այնտեղ հատուկ մեթոդ է կիրառվում նման կանանց հավաքագրելու համար: Հատուկ եղանակներ կան, լրջագույն մարդիկ են աշխատում: Այսօր ես ավելի քան համոզված եմ, որ մեր երկիրը լցված է նման աղբով»:
Նրա խոսքով, Թուրքիան, բնական է, որ պետք է աշխատի հավաքագրել ցանկացած մարդու, ով Հայաստանից այցելում է այդ երկիր: «Դա շատ բնական բան է եւ աշխարհով մեկ նման տոկոս կա: Մեր երկրի քաղաքացին, որպես կանոն, սոված է: Հետեւաբար` ամբողջ կյանքը լսելով հանդերձ, որ իր պապին թուրքերը սպանել են, միեւնույնն է 10 դոլարի դիմաց Թուրքիայում մարմնավաճառությամբ է զբաղվում: Այսինքն նրա համար որոշակի սահմաններ արդեն իսկ ջնջված են, ոչնչացված են: Փորձեք ամիսը 4-5 հազար դոլար ստացող ամերիկուհուն այստեղ հավաքագրել, տեսնեմ կկարողանա՞ք»,-ասաց նա:
NEWS.am-ի թղթակցին հաջողվեց զրուցել նաեւ Թուրքիայում տարիներ առաջ մարմնավաճառությամբ զբաղված մի կնոջ հետ, ով խոստովանեց, որ իրականում նման խնդիր կա: Նրա պատմելով, անլեգալ մարմնավաճառուհիներին հայտնաբերելու դեպքում կամ առաջարկում են գործակալ դառնալ եւ հանգիստ արտաքսում Հայաստան կամ թրաֆիքինգի զոհ են դարձնում եւ գիշերային ակումբներում անվճար սեռական շահագործման ենթարկում, իսկ մյուս տարբերակը բանտարկությունն է: Կնոջ խոսքով, իրեն հաջողվել է առանց գործակալ դառնալու վերադառնալ, քանի որ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեցինք պարզել, թե տարեկան քանի մարդ է արտաքսվում Թուրքիայից Հայաստան եւ նրանցից քանիսն են մարմնավաճառ: Ոստիկանության լրատվականից Արմեն Մալխասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, հետեւաբար չեն կարող Թուրքիայի վարչապետի կողմից հրապարկված թվերի իսկությունը ճշտել:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























