Թերթը գրում է, որ ամռանը, ավելի ճշգրիտ` հուլիսի 23-ին, լրատվամիջոցները ծանուցեցին հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնված լրտեսի մասին:

«Կարեն Մեհրաբյանն էր հայրենիքի դավաճանը, որ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության բնագավառին վերաբերող որոշակի տեղեկատվություն հավաքելով, ցանկանում էր այն տանել Թուրքիա: Կ.Մեհրաբյանի մոտ հայտնաբերվել է այդ տեղեկությունները պարունակող էլեկտրոնային հիշողության կրիչ եւ գաղտնի գրիֆով փաստաթղթեր:

Կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում արդեն իսկ ավարտվել է երեք անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, եւս 3-ին` հանցագործության մասին  չհայտնելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Մասնավորաբար ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ  երեք անձինք՝ Կ.Մեհրաբյանը, Ռ.Մաթեւոսյանը եւ Ա.Չտրկյանը,  Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ, ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց թշնամի երկրի հետախուզական մարմինների հետ համագործակցելու վերաբերյալ:

Խնդրո առարկա գործի նախաքննությամբ հետաքրքիր մանրամասներ են պարզվել: Ըստ այդմ, 2011թ. մայիսի 19-ին Հայաստանի քաղաքացի Կարեն Մեհրաբյանը ընկերոջը՝ Գեւորգ Բադալյանին, համապատասխան վարձատրության դիմաց Հայաստանի եւ ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ հայթայթելու առաջարկություն է արել: Այս տեղեկատվությունը հաղորդվել է ազգային անվտանգության ծառայությանը, որը իրականացրել է «Օպերատիվ ներդրում» անվանումով միջոցառումը, որի շրջանակում ներդրվել է «Պաշ» կեղծանունով ԱԱԾ օպերատիվ աշխատակից:

Փաստորեն Կարեն Մեհրաբյանը, 2011թ. գտնվելով Թուրքիայում, ընկել է այնտեղ գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտ, այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ՝ համապատասխան վարձատրության դիմաց նրանց հետ համագործակցելու վերաբերյալ:

Ադրբեջանցի Սայիդի միջոցով Կարենը ծանոթանում է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից Տիգրան, Վարդան եւ Քենան անուններով անձանց հետ՝ նրանցից ստանալով կոնկրետ գրավոր առաջադրանքներ: Արցախի բանակի՝ զենք ու զինամթերքի, զինտեխնիկայի, զորամասերի, հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի ու սարքավորումների վերաբերյալ հստակ տեղեկատվություն էր ուզում ստանալ ադրբեջանական կողմը, ընդ որում՝ հայի ձեռամբ:

Հանձնարարությունը ստանալով՝ Մեհրաբյանը վերադարձել է Հայաստան եւ ձեռնամուխ եղել իր սեւ գործին: Նա փորձել է ծանոթություն հաստատել իրավասու անձանց հետ՝ այդ գործին ներգրավելով իր ծանոթներին, Հայաստանի ՊՆ աշխատակիցների եւ ԼՂՀ քաղաքացիների:

Եվ այսպես. դեռեւս 2011-ի սկզբներին Կարեն Մեհրաբյանի ընկերը` Աշոտ Չտրկյանը, նրա առաջարկով մեկնել է Թուրքիա, Կարեն Մ.-ի միջոցով ծանոթանալով Թուրքիայում Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից եւ ի նպաստ նրանց գործունեություն ծավալած Տիգրանի հետ, որը մայրական կողմով հայ է, եւ ադրբեջանցի Սայիդի հետ: Ըստ էության, Աշոտը իմացել է, որ Կ.Մեհրաբյանն աշխատում է ադրբեջանցիների համար, ավելին՝ գիտակցել է ընկերոջ աշխատանքի գաղտնիությունը:

Նա մի քանի անգամ որոշակի վարձատրության դիմաց օժանդակել է Կարենի գաղտնի գործունեությանը: Մասնավորաբար Տիգրանից 300 դոլար է ստացել, այն Հայաստան ուղարկել որպես Կ.Մեհրաբյանի վարձատրություն: Իհարկե, հստակ չի պատկերացրել, թե ինչ աշխատանքի դիմաց է ընկերն այդ գումարն ստանում, բայց որ ներքուստ զգացել է, անմաքուր բան է անում, հաստատ է: Ինչեւէ, նա իր քեռու տանը Կարենի համար համակարգչով եւ սկաներով անհրաժեշտ աշխատանք կատարելու հնարավորություն է նաեւ ստեղծել:

Թուրքիայում բնակություն հաստատած այդօրինակ հայերից մեկն է Ռոման Մաթեւոսյանը, ով 2007-ից այնտեղ է։ Սայիդի ու Տիգրանի կողմից հավաքագրվելով՝ ինքն էլ իր հերթին Հայաստանից Թուրքիա եկած հայերի շրջանակից «վերբովկա» անելու համար մարդիկ ընտրելու հանձնարարություն է կատարում: Այս առումով հավանական մարդկանց նա ծանոթացրել է ադրբեջանական հետախուզության աշխատակիցների հետ, այդպիսով օժանդակելով նաեւ Կարեն Մեհրաբյանի եւ Տիգրանի համագործակցությանը:

Ի դեպ, սույն Ռոման Մաթեւոսյանը Կարեն Մեհրաբյանին, մի կողմից, վստահեցրել է, թե նրա ադրբեջանցի գործընկերները վստահելի են, իսկ մյուս կողմից՝ զգուշացրել նրա ստանձնած գործունեության վտանգավորության մասին: Բայց սա շարունակել է իր դավաճանական գործը, ավելին՝ այս մասին հայտնել է նաեւ իր նախկին գործընկեր Կարեն Ալեքսանյանին, կնոջ քեռու որդիներ Դավիթ եւ Արթուր Ավետիքյաններին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործով հիմնական դերակատար Կ.Մեհրաբյանին, ինչպես նաեւ Ռ.Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք`  պետական դավաճանության համար, Ա.Չտրկյանին` որպես հանցակից, իսկ Կ.Պետրոսյանին, Ա.Ավետիքյանին եւ  Դ.Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես ծանր հանցագործության իրականացման մասին իմանալ՝ չհայտնելու համար:

Քրեական գործի նախաքննությամբ մեր առջեւ հստակ պատկերանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությամբ ստեղծված միջավայրը, ուր հայերն են հավաքագրում հայերին՝ սեփական հայրենիքի դավաճանության ստոր գործին լծվելով: Ընդ որում, այսօրինակ մարդիկ պատրաստ են վարձատրության դիմաց հայթայթել Հայաստանի եւ Արցախի պաշտպանության ոլորտներին վերաբերող ցանկացած գաղտնի տեղեկատվություն:

Ավելին՝ այս նպատակով նրանք «մորզեի» այբուբենով հաղորդակցվելու հնարներ են մշակում, ծածկագրային նամակագրություն ծավալում, ըստ որի՝ զորամասերը «խանութներ» պիտի գրվեին, «Կարաբախն» էլ պիտի նշվեր K տառով:

Ընդ որում, հավաքագրողներից մեկն էլ Ալավերդի քաղաքից դեռեւս 90-ականներին Թուրքիա գնացած Վարդանն է, որը ներկայացնում է Մեհրաբյանին, թե եվրոպական կազմակերպությունում, ուր ինքն աշխատում է, բոլորը հայեր են եւ աշխատում են հայերի համար, որ այդ կազմակերպությունը զբաղվում է Կովկասի վերաբերյալ տեղեկությունների վերլուծությամբ:

Հենց այս Վարդան կոչեցյալը Կարեն Մեհրաբյանին հստակ հանձնարարություն է տվել` հարցաշար, ուր առանձնացվում է 3 հարց` Ղարաբաղի բանակի շտաբի կազմի, «չաստերի» քանակի ու անվանումների, պաշտպանական շրջանների մասին:

2011թ. նոյեմբերի 15-ին  քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ըստ էության քննելու համար»,- գրում է «Հայոց աշխարհը»: