Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է արագ արձագանքել Գերմանական Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի բարեգործական առաքելության շրջանակում առաջացող խնդիրներին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` գերմանական Կարմիր խաչի արտաքին կապերի տնօրեն Միխայիլ Վիբելի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք վերահաստատել են գործակցությունն առավել սերտ ու նպատակային  դարձնելու պատրաստակամությունը:

Տարոն Մարգարյանը որպես համագործակցության վառ օրինակ քաղաքապետը բերել է Երեւանի ավագանու որոշմամբ գերմանական Կարմիր խաչի երեւանյան գրասենյակին գույքահարկի արտոնություն տրամադրելու փաստը:

«Գիտեմ, որ բարեգործական ձեր առաքելության շրջանակում անչափ կարեւոր է նաեւ մեր վարչական շրջանների պատասխանատվությունն այդ հարցում, ուստի մեկ անգամ եւս վստահեցնեմ ձեզ, որ մենք պատրաստ ենք շարունակել սոցիալական համատեղ ծրագրերն ու ենթածրագրերը, քանի դեռ Երեւանում առկա է սոցիալապես անապահով քաղաքացիների հոգսերը թեթեւացնելու անհրաժեշտությունը»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Միխայիլ Վիբելն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին համագործակցության շարունակման պատրաստակամության համար եւ որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ հատկանշել է կազմակերպության եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի միջեւ ձեւավորված երկարամյա համագործակցությունը: Միայն այս վարչական շրջանում 350 շահառուներ օգտվում են «Գթության խոհանոցից»:

Միխայիլ Վիբելը տեղեկացրել է, որ Հայաստանին ուղղված մարդասիրական ծրագրերի համար գերմանական Կարմիր խաչի նախագահ դոկտոր Կառլ-Հայնց Շայդեն այս տարի պարգեւատրվելու է Գերմանիայի նախագահի բարձրագույն Շքանշանով: