Լոռիի մարզի Կաթնառատ գյուղում հիվանդ անասունների մոտ հայտնաբերվել է ոչ թե մեկ, այլ միանգամից 3 հիվանդություն: Այս մասին պարզ է դարձել փորձաքննության արդյունքներից հետո միայն:

Իսկ մինչ այդ, ոչ Կաթնառատ համայնքի, ոչ շրջանի գլխավոր անասնաբույժների, ոչ էլ մայրաքաղաքից եկած մասնագետների կողմից հնարավոր չի եղել որոշել հիվանդության կոնկրետ բնույթը, քանի որ հիվանդություններից յուրաքանչյուրը շեղել է մյուսի ախտորոշումը:

Լոռիի մարզպետարանը NEWS.am-ին տրամադրեց փորձաքննության ստացված արդյունքները, ըստ որի, Հանրապետական անասնաբուժական եւ բուժսանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի կողմից անցկացված փորձաքննության եզրակացության հիման վրա պարզ է դարձել, որ կենդանիների մոտ եղել է թեյլերիոզ հիվանդության հարուցիչ թեյլերիաներ: Ավելի ուշ պարզ է դարձել նաեւ, որ բացի նշված հիվանդությունից, անասունների մոտ հայտնաբերվել են նաեւ դիպլոկոկային ինֆեկցիա եւ ասպերգիլոզի հարուցիչներ:

Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց փորձաքննության արդյունքների հիման վրա տրված եզրակացությունը, ավելացնելով նաեւ, որ իրենց կողմից պարտաճանաչ կերպով արվել են համապատասխան միջոցառումներ, եւ փորձաքննության արդյունքների ուշացման հետ մարզի մասնագետները կապ չունեն:

Գրիգոր Հակոբյանը խոսեց նաեւ այն մասին, որ ինչպես հետո պարզ է դարձել, հիվանդությունը կենդանիներից մարդկանց չի փոխանցվում, այս պահին գյուղում հիվանդ անասուններ չկան, եւ նոյեմբերի 18-ից հետո մինչ օրս համայնքում չի արձանագրվել խոշոր եղջերավորների անկման կամ անասունների հարկադիր մորթի այլ դեպքեր: