Մտավորականները ամեն անգամ ընտրություններից առաջ խոսում են, բայց հետո ոչ ժողովուրդն է իրենց խոսքը լսում, ոչ էլ կուսակցությունները:Այս մասին այսօր` դեկտեմբերի 3-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում խոսելով ընտրություններին ընդառաջ մտավորականության մասնակցության եւ դերի մասին, նշեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, միաժամանակ նկատելով, որ մենք հասնելու ենք թափանցիկ եւ արդար ընտրությունների:
«Մենք թափանցիկ եւ արդար ընտրություն կանցկացնեք, բայց չգիտեմ մեր ընտրությունը ճիշտ կլինի, թե ոչ: Սա ամենագլխավոր խնդիրն է»,-ասաց նա ու նշեց, որ ճիշտ ընտրություն ասելով նկատի ունի, որ կառավարության մեջ լինեն «ճիշտ» անձիք, ովքեր կմտածեն ժողովրդի մասին:
«Քաղաքական պաշտոններ պետք է համարվեն միայն նախագահի աշխատակազմի եւ ԱԺ-ի պաշտոնները, իսկ կառավարությունը պետք է լինի մասնագիտացված, կարողունակ մարմին»,-ավելացրեց Ռազմիկ Դավոյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը ընտրություններին մտավորականության դիրքորոշման եւ հասարակական քաղաքական կյանքին նրանց մասնակցության 3 տարբերակ առանձնացրեց. «Առաջին դեպքում մտավորականները կարող են ընդգրկվել տարբեր կուսակցությունների ցուցակներում: 2-րդի դեպքում ինձ համար մտավորականը չափանիշ է, երբ քաղաքական որեւէ կուսակցության չի պատկանում, բայց ունի քաղաքական դիրքորոշում եւ հասարակական նկարագիր: Իսկ երրորդ տարբերակով պետք է ունենանք մտավորականության այնպիսի մի շերտ, որը կգտնվի չեզոք գոտում մի կողմից հասարակության, ժողովրդական լայն զանգվածների, մյուս կողմից իշխանության միջեւ: Այսինքն` իր խոսքն ասելիս չմտածի, թե այս կամ այն կողմը ինչպես պետք է մտածեն»:




























