Միամտություն է կարծել, որ եթե Վրաստանը խզի հարաբերությունները Արևմուտքի հետ, դա օգուտ կբերի Հայաստանին, քանի որ Արևմուտքի ուշադրությունն իբր թե կշրջվի մեզ վրա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։ Նա հիշեցրեց, որ Արևմուտքը տարածաշրջան է մտնում Վրաստանի տարածքով, իսկ Հայաստանն Արևմուտքի հետ հարաբերությունների մեջ է Վրաստանի միջոցով։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար ընդունելի իրավիճակը Վրաստանի ներսում կայունությունն է, որպեսզի Թբիլիսին ու Մոսկվան լրացուցիչ լարվածություն չզգան, իսկ Վրաստանի և Արևմուտքի հարաբերությունները չխզվեն։

«Վրաստանի և Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս հավասարակշռությունը նրանց հնարավորություն է տալիս մանևրելու Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում։ Միաժամանակ, Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում պետք է քաղաքականություն վարել ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ հայացքների հիման վրա, այլ Հայաստանի շահերից ելնելով»,- հավելեց Մելիքյանը։

Նա նշել է, որ Վրաստանի ներսում ներքաղաքական պայքարի շրջանակներում կարող է ձևավորվել ստատուս քվո, որը կարող է ազդել ողջ տարածաշրջանի վրա։