«Հելեն» մերձարեւադարձային փոթորիկը մոտենում է ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի ափերին, չորեքշաբթի տեղեկացրել է Associated Press-ը։

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ չորեքշաբթի օրվա ընթացքում «Հելենը» կուժեղանա եւ կվերածվի երրորդ կարգի փոթորկի Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով։ Քամին տարերային աղետի գոտում կգերազանցի 178 կմ/ժամը։ Սպասվում է, որ հինգշաբթի երեկոյան «Հելենը» կհասնի Ֆլորիդայի մերձափնյա շրջաններին։

Նախօրեին Ֆլորիդայի հյուսիսարեւմտյան ափին եւ Յուկատան թերակղզու մի մասում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում։

Նախագահ Ջո Բայդենը Ֆլորիդայում արտակարգ դրություն է մտցրել։ Նահանգի 67 օկրուգներից 10-ում սկսվել է բնակիչների տարհանումը, գրել է Associated Press-ը։

Մինչ այդ Կայմանյան կղզիների իշխանությունները փակել էին դպրոցները, օդանավակայանները եւ կառավարական հաստատությունները հորդ անձրեւների եւ փոթորկոտ քամիների պատճառով, որոնք խնդիրներ են առաջացրել էլեկտրականության հետ կապված։