Բրյուսել կատարած այցի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, ում հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ համատեղ ծրագրերի վերաբերյալ հարցերը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները:
«Մենք իրականացնում ենք լուրջ եւ հավակնոտ բարեփոխումների ծրագիր: Օրինակ` երեկ հանրության դատին ներկայացրեցինք արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգը, որն իրականացնում ենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Այն քննարկեցինք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ` բաց խորհրդակցության ձեւաչափով»,- ասել է վարչապետը` նշելով, որ Հայաստանի հասարակությունում կա եվրոպական ուղիով առաջ շարժվելու վերաբերյալ լայն համաձայնություն:
«Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը` Խորը եւ Համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- նշել է վարչապետը:
«Կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք ենք կատարում` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ համագործակցության զարգացման գործում»,- ասել է Ֆյուլեն: Անդրադառնալով ԵՄ- Հայաստան հարաբերություններին, Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ուրախ է տեսնել նոր ու հավակնոտ բարեփոխումներ: Դրանք մեկտեղում են Հայաստան- ԵՄ հարաբերությունների առաջնայնություններն, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի վերակառուցման խնդիրներին, այդ նպատակով մեր երկրին տրամադրվելիք հնարավոր ֆինանսական օժանդակությանը:
Քննարկվել են անցագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին, ԵՄ մակրոֆինանսական աջակցությանը, Հայաստանում բարեփոխումների նոր օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ օժանդակության ընդլայնման հնարավորությունները:
Տիգրան Սարգսյանը եւ Շտեֆան Ֆյուլեն արձանագրել են, որ առաջընթաց է գրանցվել երկկողմ քաղաքական երկխոսության ոլորտում: Նշելով, որ առկա է ՀՀ-ԵՄ երկխոսության նոր պլատֆորմ, որով Հայաստանը ներկայացրել է 33 ուղղություններով միջոցառումներից կազմված բարեփոխումների նոր օրակարգը, զրուցակիցները կարեւոր են համարել դրա ներդաշնակեցումն ու իրականացումը` որպես մեկ միասնական փաթեթ:
Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից առաջ Տիգրան Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հետ: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին անռչվող հարցեր, Թոմաշ Պորեբայի խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների ուրվագիծը:
Օրվա երկրորդ կեսին սպասվում են Տիգրան Սարգսյանի հանդիպումները Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի եւ Եվրոպական հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիայիդիսի հետ:




























