Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան և Լեհաստանը ուրբաթ կքվեարկեն Չինաստանում արտադրված էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար մինչև 45% մաքսատուրքեր սահմանելու օգտին, ինչը բավարար է Եվրամիության առաջարկն ընդունելու համար և կարող է մեծացնել Պեկինի հետ առևտրային լարվածությունը, հայտնում է Reuters գործակալությունը։
Եվրահանձնաժողովը, որը չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենաների սուբսիդիաների դեմ պայքարի առնչությամբ հետաքննություն է անցկացնում, ուրբաթ սպասվող քվեարկությունից առաջ իր վերջնական մաքսատուրքերի առաջարկն ուղարկել է ԵՄ անդամ 27 երկրներին:
Հունիսի սկզբին հայտարարված քայլը հաջորդում է խոր հետաքննությանը, որը բացահայտել է, որ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների կողմից սուբսիդիաներ են հոսում Չինաստանում արտադրված մարտկոցներով էլեկտրական ավտոմեքենաների (BEVs) մատակարարման ամբողջ շղթայում: Ըստ ԵՄ պաշտոնյաների՝ Չինաստանի կառավարության փողը հայտնաբերվել է ամենուր՝ մարտկոցներ պատրաստելու համար անհրաժեշտ հումքի արդյունահանումից մինչև պատրաստի արտադրանքը եվրոպական ափեր առաքող ծառայություններ:
Սուբսիդիաների մասշտաբը չինացի արտադրողներին հնարավորություն է տալիս իրենց էլեկտրական ավտոմեքենաներն առաջարկել զգալիորեն ցածր գներով, քան ԵՄ-ում հավաքվածները, որտեղ էներգիայի և աշխատուժի ծախսերն անհամեմատ բարձր են: Գնային ճեղքվածքն, ըստ Եվրոպական հանձնաժողովի, հանգեցրել է չինական BEV-ի ներմուծման աճին՝ 2020 թվականին շուկայի 3,9%-ից 2023 թվականի վերջին հասնելով 25%-ի:
Էժան ներմուծման այս ալիքը «տնտեսական վնասի սպառնալիք» է ԵՄ մրցակիցների համար, ինչը կարող է մեծ կորուստների հանգեցնել և դառնալ մինչև 12 միլիոն աշխատատեղերի կորստի պատճառ։




























