Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը կիրակի օրը Կիև կատարած անսպասելի այցի ժամանակ հատարարել է, որ իր երկիրը 400 միլիոն եվրո կներդնի Ուկրաինայի հետ համատեղ առաջադեմ անօդաչու թռչող սարքերի մշակման համար և առաջիկա ամիսներին ավելի շատ F-16 կործանիչներ կմատակարարի, հայտնում է Reuters-ը։
«Պատերազմը, իհարկե, օրեցօր ուժեղանում է, և Ուկրաինան ավելի ու ավելի շատ բրիգադներ է ստեղծում, որոնք աջակցության կարիք ունեն, որոնց ռազմական տեխնիկա է հարկավոր։ Մեզ աջակցության շարունակական հոսք է անհրաժեշտ»,- Կիևում Reuters գործակալությանն է ասել Բրեկելմանսը:
Ըստ նրա, անօդաչուների ստեղծման գործողությունների ծրագիրը կմիավորի ուկրաինական նորարարություններն ու հոլանդական գիտելիքները՝ մարտադաշտում կիրառվող տեխնոլոգիաների կատարելագործման համար։
«Մենք կկենտրոնանանք տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի վրա, ինչպիսիք են հետախուզական անօդաչուները, առավելապես պաշտպանական անօդաչուները, ինչպես նաև հարվածային անօդաչու սարքերը, քանի որ մենք տեսնում ենք, որ Ուկրաինային անհրաժեշտ են այդ ավելի հարձակողական անօդաչուները ռազմական թիրախներին հարվածելու համար», - ասել է Բրեկելմանսը:
Ներդրումների շուրջ կեսը կծախսվի Նիդեռլանդներում, իսկ մնացածը կբաշխվի Ուկրաինայի և այլ երկրների միջև, հավելել է նա։
Ըստ պաշտպանության նախարարի, եթե մշակված անօդաչուները հաջող լինեն, ավելի շատ միջոցներ կհատկացվեն արտադրության ընդլայնման համար։
Նիդեռլանդները պարտավորվել էին 10 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն հատկացնել Ուկրաինային ռուսական ներխուժման սկզբից ի վեր և մինչ այս պահը ծախսել է մոտ 4 միլիարդ եվրո:





























